«Կայրաթի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանն ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում ամփոփել է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանության արդյունքները և խոսել «Նոայի» հետ դիմակայությունից ունեցած սպասելիքների մասին.
-Կամո, ինչպե՞ս կմեկնաբանես վիճակահանության արդյունքները:
-Վիճակահանությունը վիճակահանություն է: Անձամբ ինձ համար շատ հաճելի կլինի խաղալ հայկական թիմի դեմ:
-Ի՞նչ գիտես «Նոայի» մասին: Ծանոթներ ունե՞ս այդ ակումբում:
-Գիտեմ, որ երիտասարդ թիմ է: Այս տարի նրանք նվաճել են Հայաստանի Գավաթն ու Սուպերգավաթը: Երկրորդն էին Հայաստանի առաջնությունում: Ամուր թիմ է, կարգապահ: Պայքարում են մինչև վերջ: Շատ լավ կոլեկտիվ է: Այո, իհարկե ունեմ ծանոթներ այս թիմում: Շատ լավ եմ ծանոթ «Նոայի» տնօրենի՝ Արթուր Սահակյանի հետ: Մենք միասին ենք սկսել ֆուտբոլ խաղալ:
-«Նոայի» կազմում է խաղում նաև Բենիկ Հովհաննիսյանը, որի հետ դուք նույն ազգանունն ունեք:
-Այո, մենք ծանոթ ենք: Եղել է շրջան, երբ միասին խաղացել ենք հավաքականում: Մենք ազգանվակիցներ ենք, Հայաստանում շատ են Հովհաննիսյանները (ժպտում է):
-Չի՞ վշտացնում այն փաստը, որ խաղը կկայանա ոչ թե քո հարազատ Հայաստանում, այլ Ալմաթիում:
-Ինձ համար հաճելի կլիներ խաղալ հայրենիքում, բայց պետք է հաշվի առնել այն փաստը, որ ես «Կայրաթի» ֆուտբոլիստ եմ: Սեփական դաշտում՝ «Կենտրոնականում» խաղալը մեզ համար առավելություն է: Պետք է ներդնենք բոլոր ջանքերը, որպեսզի անցնենք հաջորդ փուլ: