Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն արձագանքել է ATP վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնական վերադառնալը: Նադալը շրջանցել է սերբ Նովակ Ջոկովիչին:
«Ես շատ գոհ եմ մրցաշրջանից: Մեկնարկը չափազանց դժվար ստացվեց, բայց ես կարողացա կրկին զբաղեցնել այս հորիզոնականը՝ հանդես գալով բարձր մակարդակով: Ես հպարտ եմ այս մրցաշրջանով», – Նադալի խոսքերն է մեջբերել ATP-ի պաշտոնական կայքը:
Առաջին անգամ Նադալն ATP-ի դասակարգման աղյուսակը գլխավորել է 2008 թվականի օգոստոսին՝ 22 տարեկանում: Առաջին հորիզոնականում անցկացրած շաբաթների քանակով՝ 197, Նադալը 6-րդն է: Առաջին հնգյակում են՝ Ռոջեր Ֆեդերերը՝ 310 շաբաթ, Փիթ Սամպրասը՝ 286, Նովակ Ջոկովիչը՝ 275, Իվան Լենդլը՝ 270, Ջիմմի Կոննորսը՝ 268:
2019-ին Նադալը հաղթել է Ռոլան Գարոսն ու ԱՄՆ-ի Բաց առաջնությունը, ինչպես նաև Հռոմի ու Մոնրեալի «Մասթերսները»: