Ծանոթացեք՝ Խունի Կալաֆատ.
Վերջին տարիների ընթացքում «Ռեալը», կարելի է ասել, «որս է սկսել» տաղանդավոր պատանիների նկատմամբ և նրանց շանս է տալիս հիմնական կազմում:

2014 թվականից ի վեր «Ռեալը» մի շարք երիտասարդ ֆուտբոլիստների է ձեռք բերել, ինչպես թանկարժեք և շատ շահարկված (Վինիսիուս, Սեբալյոս, Յովիչ), այնպես էլ ոչ հայտնի անուն ունեցողների՝ «գավառական» լիգաներից (Լունին, Կուբո, Վալվերդե, Կազեմիրո), և ընդամենը 2 սուպերաստղի տրանսֆեր է ձևակերպել՝ Կուրտուայի և Ազարի (գումարած Յովիչը, որը սուպերաստղի պես թանկ արժե, բայց արդյունավետ է ինչպես անուն չունեցողը գավառական լիգայից):
Այստեղ ձևավորվեց գլխավոր ուղղությունը՝ սուպերտաղանդները Բրազիլիայից: 2014 թվականից սկսած «Ռեալն» ավելի քան 10 բրազիլացու հետ է պայմանագիր կնքել: Ոմանք մնացին «Կաստիլիայում» կամ վերադարձան հայրենիք, բայց դուք հաստատ գիտեք Կազեմիրոյին և Միլիտաոյին և զարմանում եք այն 120 մլն եվրոյի վրա, որ ծախսվել է Վինիսիուսի, Կազեմիրոյի և Ռեյների վրա:
Այսքան շատ բրազիլացի «Ռեալում» չէր եղել, թերևս, 2006 թվականից ի վեր:
Perez kidnapped the young Brazil@realmadrid 😜❤💪🇩🇿🌹 pic.twitter.com/YOYLyaGgfr
— Ilais chakir baile (@BaileIlais) January 21, 2020
Պերեսը չի բարձրաձայնել տվյալ քաղաքականությունը, բայց իսպանական լրատվամիջոցները երկու տարբերակ ունեն՝
. Ֆլորենտինոն նկատել է ՊՍԺ-ի և «Սիթի» աճող զորությունն ու հասկացել է, որ ուղղակիորեն նրանց հետ տրանսֆերների համար պայքարելը չափազանց ծախսատար գործ է:
. Պերեսին վշտացնում էր Նեյմարի կորուստը. «Ռեալը» 14 տարեկանից հետևում էր բրազիլացուն, սակայն վերջին պահին նրան «փախցրեց» «Բարսան»՝ խելահեղ հրաժարագնի համաձայնելով Նեյմարի հոր համար: Պերեսը ոչինչ չի մոռացել ու հիմա այդ բացը լրացնում է Նեյմարի նոր և շատ երիտասարդ տարբերակի փնտրտուքներով:
Եվ այստեղ գործի է անցնում Խունի Կալաֆատը՝ «Ռեալի» միջազգային բաժնի ղեկավարը, բրազիլացիների լոբբիստն ու մարդ, որին իսպանական մեդիան մադրիդյան Մոնչի է անվանում:
Կալաֆատը կարգավիճակով երրորդ մարդն է Ռեալում. նա գտել է Կազեմիրոյին և Վալվերդեին, իսկ ֆուտբոլ է եկել լրագրության միջոցով
Խունին չափազանց առեղծվածային կերպար է. նա ոչ մի հարցազրույց չի տալիս և չի սիրում հրապարակայնություն, այդ իսկ պատճառով նրա անցյալը մութ է:
Հայտնի է, որ Կալաֆատը ծնվել է Իսպանիայում՝ բրազիլացիների ընտանիքում, իսկ պատանեկությունն անցկացրել է Սան-Պաուլում: Դրանից հետո Խունին տեղափոխվել է Մադրիդ՝ մինի-ֆուտբոլ խաղալու: Իսպանիայի մայրաքաղաքում նա շատ արագ ծանոթացել է «Ռեալի» բրազիլացիների հետ, քանի որ վարժ տիրապետում էր բրազիլական պորտուգալերենին: Սկզբում մտերմացել էր Ռոբերտո Կառլոսի և Ռոնալդոյի, իսկ երբ սերնդափոխություն եղավ՝ արդեն նաև Ռոբինիոյի և Կակայի հետ: Նրանք մտերմացել էին ընտանիքներով, իսկ Կական նույնիսկ դարձել էր Կալաֆատի որդու կնքահայրը:

Ավարտելով մինի-ֆուտբոլով զբաղվելը՝ Կալաֆատը որպես վերլուծաբան սկսեց աշխատել իսպանական Fiebre Maldini շոուի շրջանակում: Խունին տպավորեց հանդիսատեսին բրազիլացի ֆուտբոլիստների վերաբերյալ խորը գիտելիքներով, այդ իսկ պատճառով նրան վստահեցին մեկնաբանել բրազիլական Սերիա Ա-ի գիշերային խաղերը: Բայց նա այլ կարիերայի մասին էր երազում:
Իր ընկերների միջոցով նա կապ հաստատեց Պերեսի հետ ու սկսեց աշխատել «Ռեալում»: Նրան վստահեցին Հարավային Ամերիկայի սկաուտի պաշտոնը՝ որպես ֆրիլանս աշխատանք: Հնարավոր է՝ Կալաֆատն այդպես էլ կորչեր երրորդ սորտի պաշտոնում, բայց նա անակնկալ գտավ՝ Կազեմիրոյին: «Ռեալում» տպավորված էին, և 2014 թվականին նրա հետ արդեն աշխատանքային պայմանագիր կնքեցին:
Սկաուտի աշխատանքը տարբերվում է հեռուստատեսությունում վերլուծաբանի աշխատանքից, այդ իսկ պատճառով Խունին սկզբնական շրջանում ակնհայտորեն ձախողում էր: «Ռեալի» գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսի՝ հարձակվող գտնելու խնդրանքին, սկաուտն իր ծանոթներին հաղորդագրություն ուղարկեց WhatsApp -ով. «Փնտրում եմ հարձակվողի երկրորդ թիմի համար, 19-ից 22 տարեկան»:
2014 — 2016 թվականների ընթացքում նա 4 բրազիլացի է բերել «Ռեալ», որոնցից լավագույն դեպքում կհիշեք Լուկաս Սիլվային. նրան գնեցին 14 մլն եվրոյի դիմաց որպես փոխարինող Խաբի Ալոնսոյին, արդյունքում նա 8 խաղ անցկացրեց «Ռեալի» կազմում:
Բայց աստիճանաբար Խունին հաջողություն ունեցավ: 2016 թվականին նա մի հեռանկարային ուրուգվայցու գտավ «Պենյարոլից», բայց տղան քիչ էր մնում ձախողեր բուժզննումը. «Նա շատ նիհար է, կարծես բավականաչափ չի սնվում»,- գրել էր բժշկական շտաբը զեկույցում: Կալաֆատը պնդեց տրանսֆերի իրականացման հարցում և ճիշտ դուրս եկավ. 2019 թվականին Ֆեդե Վալվերդեն (իսկ դա նա էր) ամրապնդվեց «Ռեալի» հիմնական կազմում ու «Ռեալի» համար մեծ գումարներ խնայեց Պոգբայի տրանսֆերի համար:

Մոտավորապես հենց այս ժամանակ էլ Կալաֆատը բացահայտեց բանակցություններ վարելու իր տաղանդը: 2016 թվականին Եվրոպայի բոլոր մարզական տնօրեններն իրենց հայացքներն ուղղել էին Նորվեգիա՝ 16-ամյա Մարտին Էդեգորի համար: Խունին շրջանցեց «Այաքսին» և «Լիվերպուլին» ու կարողացավ տղային համոզել՝ ընտրել «Ռեալը»:
Խունիի հաջողությունները նկատեցին և 2017 թվականին նրան նշանակեցին միջազգային դեպարտամենտի ղեկավար (սպորտային տնօրենի պես մի բան): Հիմա Կալաֆատն իր կարգավիճակով երրորդ մարդն է «Ռեալի» համակարգում Պերեսից ու Սանչեսից հետո: Նա մասնակցում է բոլոր որոշումների կայացմանը, և խոսքը միայն ֆուտբոլիստների մասին չէ. երբ 2018 թվականին «Ռեալը» նոր մարզչի էր փնտրում, հենց Խուլիին վստահեցին բանակցություները Խուլեն Լոպետեգիի հետ:

Կալաֆատի անսովոր մարտավարությունը. նա տարիներով ընկերություն է անում ֆուտբոլիստի ընկերների և ընտանիքի հետ, որպեսզի նրան դրդի «Ռեալ» տեղափոխությանը
2017 թվականին Կալաֆատը Բրազիլիայից հինգ դեռահասների բերեց՝ Ռեյնյերին, Վինիսիուսին, Ռոդրիգոյին, Ռոդրիգո Ֆարոֆային («Կաստիլյա») և Աուգուստոյին (վարձավճարով «Լեոնեսայում» է): Բոլորի հետ «Ռեալը» համաձայնության է եկել այն ժամանակ, երբ դեռ չի լրացել նրանց 18-այակը և խաղալիս են եղել բրազիլական լիգներում:
Կարևոր պահ տարիքի հետ կապված. ՖԻՖԱ-ն արգելում է անչափահասների միջազգային տրանսֆերները, և «Ռեալը», որին արդեն տուգանել են այս խախտման համար, նրբորեն շրջանցում է այս կանոնը: Վառ օրինակը Վինիսիուսն է: Պաշտոնապես նա «Ռեալ» է տեղափոխվել 2018 թվականի հուլիսի 12-ին՝ իր 18-ամյակի օրը, բայց ակումբը «Ֆլամենգոյի» հետ համաձայնության էր եկել դեռ 2017 թվականի մայիսին, երբ Վինիսիուսը 16 տարեկան էր: Նույն իրավիճակն է նաև Վալվերդեի (նա «Ռեալ» տեղափոխվեց իր ծննդյան օրը) և Ռոդրիգո Գոեսի դեպքում (տրանսֆերի շուրջ համաձայնության են եկել 2018 թ., երբ տղան դեռ 17 տարեկան էր):
Միակ բացառությունն Էդեգորն է, որը «Ռեալում» է հայտնվել 16 տարեկանում: Բայց այստեղ մեկ այլ կետ է գործում. անչափահասների միջազգային տրանսֆերները թույլ են տրվում, եթե դրանք Եվրամիության կամ դրա տնտեսական գոտու շրջանակում է իրականացվում: Նորվեգիան ԵՄ-ի կազմի մեջ չէ, բայց տնտեսական գոտու մասն է: Հիմա «Ռեալի» և նրա մենեջերների համար ամեն ինչ կարգին է:
Աշխատանքային այս նոր փուլում (2017-ից սկսած) Կալաֆատը սկաուտ չէ, ոչ էլ մարզական տնօրեն: Նա աշխատում է սկաուտ Պաուլո Էնրիկեի հետ , որը ֆուտբոլիստների է փնտրում, իսկ Խունին ունիկալ դերակատարություն ունի:
Հարազատ մայրցամաքում Կալաֆատը ֆուբոլիստների է ընտրում «Ռեալի» համար, ծանոթանում է նրանց ընկերների, շրջապատի հետ ու մի քանի տարի շարունակ փորձում է իր կողմը գրավել ոչ միայն անձամբ ֆուտբոլիստին, այլև նրա բարեկամներին, քանի դեռ տրանսֆերը չի կայացել: Եթե դուք բրազիլական սուպերտաղանդ եք, հատկապես «Ֆլամենգոյից» կամ «Սան-Պաուլուից», ապա ձեր տան շեմին անպայման մի օր կտեսնեք Կալաֆատին:
Իհարկե նման կերպարը կարող էր հայտնվել միայն Բրազիլիայում: Բրազիլացի ցանկացած ֆուտբոլիստի վրա մեծ ազդեցություն ունի իր ընտանիքն ու շրջապատը, Նեյմարը ձեզ օրինակ: Կալաֆատն իր «որսը» սկսում է շատ պատանի աստղերից. հետաքրքրությունը սկսվում է, երբ նա դեռ 14-15 տարեկան է, տրանսֆերը ձևակերպվում է 18-ում, իսկ այդ հարցում մեծ է ընտանիքի ազդեցությունը:
Բրազիլիայում ընտանիքները շատ հաճախ ցածր խավից են, նրանց հնարավոր է լինում գրավել կա՛մ մեծ փողերով, կա՛մ ջերմ վերաբերմունքով: Բոլորը չէ, որ Նեյմարի հոր պես են. շատերի համար բավական է միայն այն վստահությունը, որ իրենց տղան գնում է մի տեղ, որտեղ իր մասին հոգ կտանեն: Հենց այս սխեմայով է Կալաֆատը գրավել Վինիսիուս Ժունիորին:

Կալաֆատը Վինիսիուսին նկատել էր դեռ 2016 թվականին, երբ տղան դեռ 16 տարեկան էր: Հաջորդ 14 ամիսների ընթացքում Խունին տղային ու իր ընտանիքին շրջապատել էր հոգատարությամբ և ուշադրությամբ:
«Խունին երկար շփվում էր Վինիսիուսի հետ: Ինձ զարմացնում էր այն, թե նա որքան ժամանակ է տրամադրում տղային ու նրա ընտանիքին: Նա գիտեր Ժունիորի բոլոր հարազատներին, նրանց կարծիքը տղայի ապագայի մասին: Ստանալով ընտանիքի աջակցությունը՝ նա սկսեց բանակցություններ վարել գործակալ Ֆրեդերիկո Պենի և «Ֆլամենգոյի» հետ: Այդ ժամանակ Վինիսիուսն ու Խունին այնքան էին մտերմացել, որ նա ցանկանում էր խաղալ միայն «Ռեալում»,- պատմել է «Ֆլամենգոյի» մարզական տնօրենը:
Տրանսֆերից հետո Կալաֆատի աշխատանքը չի ավարտվում: Նա այնպես է անում, որ 17-ամյա տղաներն իրենց կարևոր զգան հենց մեծ ֆուտբոլի աշխարհում: Օրինակ, 2018 թվականի աշնանը նա կազմակերպել է Բրազիլիա U20-Չիլի U20 հանդիպման հեռարձակումը մադրիդյան հեռուստաալիքով: Վինիսիուսը երրորդ դիվիզիոնում խաղում էր «Կաստիլիայի» կազմում, բայց հանուն նրա գնեցին հեռարձակման իրավունքը, իսկ Marca-ն նախաբանի համար մի ամբողջ սյունյակ էր հատկացրել, անկասկած՝ բրազիլացու հսկայական լուսանկարով:
Կալաֆատը վաղուց ծանոթ է Նեյմարի հետ և դեռ նրան համոզում է տեղափոխվել «Ռեալ»
Կալաֆատը Նեյմարի հետ ծանոթ է 2006 թվականից: Խունին դեռ չէր աշխատում «Ռեալում», բայց ընկերություն էր անում տեղի բրազիլացիների հետ, և անկասկած Նեյմարին խորհուրդ էր տվել ընտրել «Ռեալը»: Իսպանական լրատվամիջոցներում վարկած է պտտվում, որ 2013 թվականին Խունին արդեն որպես «Ռեալի» սկաուտ, Նեյմարին դրդել է տեղափոխվել Մադրիդ:

2014 թվականի հունվարին Կալաֆատը Նեյմարին պատմել է, որ Բրազիլիայից մեկնում է ընտանեկան խնջույքի: Մադրիդյան թեժ երեկոյի ընթացքում մենեջերը հաղորդագրություն է ստացել WhatsApp -ով. «Խունի, ինչպե՞ս հասար տուն: Գիտես, որ ես իրականում մադրիդիստ եմ: Հալա Մադրիդ»: Կալաֆատն այս հաղորդագրությունը մի քանի մարդու ցույց տվեց, բայց մոռացել էր, որ բիզնեսում ընկերներ չկան. Նեյմարի հաղորդագրությունը հայտնվեց El Confidencial թերթում:
2018 թվականին Նեյմարը սկսեց Խունիին հետևել Instagram-ում: 2019 թվականի ամռանը բրազիլացին մոտ էր Իսպանիա վերադառնալուն, իսկ Marca-ն նման հոդված հրապարակեց՝ Նեյմարն ամեն օր Կալաֆատին է ուղարկում «Բարսայի» և ՊՍԺ-ի բանակցությունների մասին նորությունները:
2019-ին քամբեքը չստացվեց, բայց քանի դեռ Կալաֆատը Մադրիդում է, «Ռեալը» հզոր առավելություն ունի բանակցություններում:
Կալաֆատի հաջողությունները մեծ գումարներ են տնտեսում «Ռեալի» համար, իսկ հիմա նրանով հետաքրքրված է «Լիվերպուլը»
2020-ին «Ռեալի» առաջին թիմում 6 տղա կա, որոնց անձամբ Կալաֆատն է բերել՝ Կազեմիրոն, Վալվերդեն, Միլիտաոն, Վինիսիուսը, Ռոդրիգոն, Ռեյները, ևս երկու ֆուտբոլիստ «Կաստիլիայում» է՝ Ռոդրիգո Ռոդրիգեսն ու Աուգուստո Գալվանան: Իսպանական մեդիան նրանց Կալաֆատի Ակադեմիա է անվանում:
Իսպանիայում տարբեր կերպ են վերաբերվում «Ռեալի» նոր տրանսֆերային իրականությանը:
Մադրիդյան Marca-ն հպարտանում է, որ մինչև 2022 թվականը Պերեսը մանկապարտեզից նոր «գալակտիկոս» կստեղծի՝ իհարկե գնելով նաև Մբապեին: Ավելի քիչ հավատարիմ լրատվամիջոները կատակում են, որ Պերեսի կոմպլեքսները վերահսկողությունից դուրս են եկել:
Նույնիսկ եթե այդպես է, նախագահի կոմպլեքսները «Ռեալի» համար ահռելի գումարներ են տնտեսում: Զուգահեռաբար, Կալաֆատը փոխել է նաև սեփական կարգավիճակը: 7 տարվա ընթացքում նա դարձել է մի մենեջեր, որի մասին երազում են «Չելսին» և «Լիվերպուլը»: Բայց դժվար է պատկերացնել, որ Կալաֆատը հիմա կթողնի «Ռեալը»:
