Ժոզե Մոուրինյուն Մադրիդի «Ռեալ» վերադառնալու դեպքում նախատեսում է թիմի կազմի լայնածավալ վերակառուցում իրականացնել։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ պորտուգալացի մասնագետը, ի թիվս այլ հարցերի, ղեկավարությունից կպահանջի սկզբունքային որոշում կայացնել Ֆեդերիկո Վալվերդեի և Օրելյեն Չուամենիի ապագայի վերաբերյալ։
Բանն այն է, որ ավելի վաղ կիսապաշտպանների միջև լուրջ կոնֆլիկտ է ծագել, ինչի հետևանքով մադրիդյան թիմի հանդերձարանում լարված մթնոլորտ է առաջացել։ Կատարվածից հետո Մոուրինյուն ցանկություն չունի երկու ֆուտբոլիստներին էլ միաժամանակ պահել թիմի կազմում և վճռական է տրամադրված նրանցից մեկի հեռանալու հարցում։
Հետաքրքրական է, որ չնայած «արքայական ակումբի» երկրպագուների շրջանում Վալվերդեի ունեցած մեծ ժողովրդականությանն ու խաղային ունիվերսալությանը՝ հենց Չուամենին է համարվում ավելի նախընտրելի տարբերակ պորտուգալացի մարզչի համար։
Մոուրինյուի տեսանկյունից՝ ֆրանսիացի ֆուտբոլիստն ավելի լավ է համապատասխանում իր մարտավարական պահանջներին՝ շնորհիվ բարձր դիրքային կարգապահության և հենակետային գոտում առավել հուսալի ու վստահ խաղի։


























































