«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը խոսել է թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։
«Էդուարդի մասին ինձ պետք չէ խոսել, նրա փոխարեն խոսում է իր խաղը։ Նա արդեն երկրորդ մրցաշրջանն է՝ թիմի ավագն է և երկրորդ մրցաշրջանն անընդմեջ ֆանտաստիկ ցուցանիշներ է գրանցում. դա բարդագույն աշխատանք է։
Նա առաջատար է ոչ միայն խաղադաշտում, այլև հանդերձարանում։ Այն մարդն է, ով կապում է արտասահմանցիներին ու ռուսներին, շփվում է բոլորի հետ։ Անում է այնպիսի աշխատանք, որը քչերն են տեսնում կոլեկտիվի ներսում։ Նա գիտի՝ որտեղ կարող է դեռ ավելացնել, ուստի աշխատանքը չի դադարում, և մենք բոլորս ձգտում ենք, որպեսզի նա ևս մեկ քայլ առաջ անի իր զարգացման մեջ»,- ասել է Մուսաևը «Կրասնոդարի» youtube-յան ալիքով հեռարձակված ասուլիսի ժամանակ։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանն ակումբի կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 12 գոլի և 13 արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































