Հայաստանի Մ21 հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանը հերթական արդյունավետ գործողությամբ է աչքի ընկել Անգլիայում։
Պրեմիեր լիգա 2-ի (Մ23) 13-րդ տուրի շրջանակում «Սանդերլենդի» երիտասարդական թիմը սեփական հարկի տակ ընդունել է «Բրայթոնին»։ Հանդիպումն ավարտվել է տանտերերի վստահ հաղթանակով՝ 2:0 հաշվով, իսկ հանդիպման հերոսներից մեկը դարձել է հայ հարձակվողը։
Հենց 18-ամյա Գերագուսյանն է խաղի 43-րդ րոպեին բացել հաշիվը՝ տուգանային հրապարակում կողմնորոշվելով բոլորից արագ և եզրափակելով գրոհը հեռավոր դարպասաձողի մոտ։ Հանդիպման վերջնակետը 81-րդ րոպեին դրել է Մարկուս Նիլը։
Գերագուսյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և մասնակցել ամբողջ հանդիպմանը։ Նրա ելույթը բարձր է գնահատվել մասնագետների կողմից՝ ստանալով 9/10 գնահատականը։ Նշվում է, որ հայ ֆուտբոլիստը գերազանց շարժում է ցուցադրել գոլային դրվագում և ամբողջ խաղի ընթացքում մի քանի անգամ լրջորեն անհանգստացրել մրցակցի դարպասապահին։
Ընթացիկ մրցաշրջանում Գերագուսյանը Պրեմիեր լիգա 2-ում անցկացրել է 6 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Բոլոր մրցաշարերը միասին վերցրած՝ երիտասարդ հարձակվողն իր ակտիվում ունի արդեն 8 գոլ։



























































