Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026 մրցաշրջանի լիգայի փուլի չորրորդ տուրում շոտլանդական «Աբերդինը» կհյուրընկալի Հայաստանի չեմպիոն «Նոային»։
Երևանյան ակումբի բոսնիացի հարձակվող Նարդի Մուլահուսեյնովիչը նախախաղային ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին։
– «Նոա» տեղափոխվելուց առաջ արդյո՞ք կմտածեիք, որ լինելու եք թիմի գլխավոր ռմբարկուների ցանկում։ Կա՞ արդյոք նպատակ ավելի շատ գոլ խփելու և ամրապնդելու դիրքերը։
«Այո, իհարկե։ Ես միանշանակ հավատում եմ ինձ և ցանկանում եմ օգնել թիմին։ Ամեն խաղում փորձում եմ լինել ավելի լավը՝ «Նոային» օգնելու համար, քանի որ դա իմ աշխատանքն է»։
– Նախկինում խաղացե՞լ եք որևէ շոտլանդական թիմի դեմ։
«Այո, վեց տարի առաջ «Մարիբորի» կազմում խաղացել եմ «Սելտիկի» դեմ, բայց այլ շոտլանդական ակումբների դեմ չեմ խաղացել»։
– Եթե այս խաղում հաղթեք, կունենաք շատ մեծ հնարավորություն դուրս գալու փլեյ-օֆֆ փուլ։ Ի՞նչ եք մտածում դրա մասին։
«Իհարկե մենք դա շատ լավ գիտենք և շատ լավ պատրաստվել ենք այս խաղին։ Գիտենք, որ «Աբերդինն» էլ է պատրաստ։ Մարզչական շտաբը մեզ շատ լավ է նախապատրաստել, և մենք պատրաստ ենք կռիվ տալ հաղթանակի հասնելու համար»,– նշել է Մուլահուսեյնովիչը։
«Աբերդին» – «Նոա» հանդիպումը կկայանա այսօր՝ նոյեմբերի 27-ին, Երևանի ժամանակով 00:00-ին։


























































