«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է այս ամառ Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբը լքելու իր որոշման մասին։
Հարավային Կորեայի հավաքականի 33-ամյա խաղացողի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ գործում է մինչև 2026 թվականը։ Նա թիմին միացել է 2015-ին՝ գերմանական «Բայեր Լևերկուզենից»։
«Ես որոշել եմ այս ամառ հեռանալ «Տոտենհեմից»։ Սա իմ ֆուտբոլային կարիերայի ամենադժվար որոշումներից մեկն է։ Ինձ նոր միջավայր է պետք՝ աճել շարունակելու համար։ Տասը տարին երկար ժամանակ է։ Ես «Տոտենհեմ» եկա 23 տարեկանում, իսկ հիմա հեռանում եմ՝ հպարտանալով անցած ճանապարհով։
Շնորհակալ եմ «Տոտենհեմի» բոլոր երկրպագուներին՝ ինձ ջերմություն և սեր տալու համար։ Հուսով եմ՝ սա ճիշտ որոշում է, և ժամանակը դա կապացուցի։ Խնդրում եմ հասկանալ և հարգել իմ ընտրությունը»,- ասել է Սոն Հին Մինը։
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը հաստատել է, որ Սոնը կմասնակցի Սեուլում կայանալիք «Նյուքասլի» դեմ ընկերական խաղին՝ որպես թիմի ավագ և մեկնարկային կազմի խաղացող։
2024/25 մրցաշրջանում Սոնը նվաճել է իր առաջին տիտղոսը ակումբի հետ՝ հաղթելով Եվրոպայի լիգայում։ Նա «Տոտենհեմի» պատմության մեջ հինգերորդ լավագույն ռմբարկուն է՝ 173 գոլով, և յոթերորդը՝ անցկացրած խաղերի թվով (454 հանդիպում)։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սոնի ծառայություններով հետաքրքրված է MLS-ի «Լոս Անջելես» ակումբը, ինչպես նաև սաուդյան մի քանի ակումբներ։
























































