«Բարնլին» պայմանագիր է կնքել «Չելսիի» պաշտպան Բաշիր Համֆրիսի հետ և նրան ներկայացրել «Մատանիների տիրակալը» ֆիլմից մի դրվագով: Ֆուտբոլիստը ակումբին միացել է մեկ տարվա վարձակալական հիմունքներով:
Անցած մրցաշրջանում Համֆրիսը հանդես է եկել Չեմպիոնշիփը ներկայացնող «Սուոնսիում»: Ակումբը 2023/2024 մրցաշրջանի վերջում զբաղեցրել է 14-րդ տեղը՝ վաստակելով 57 միավոր։ Իր հերթին «Բարնլին» անցած մրցաշրջանի վերջում նահանջել է Չեմպիոնշիփ:
Ֆուտբոլիստն անցկացրել է 27 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ նրա շուկայական արժեքը կազմում է 4,8 միլիոն եվրո:
Այս ամառ «Չելսին» 185 մլն ֆունտ է ծախսել 11 նոր խաղացողների վրա՝ թիմի ընդլայնված կազմը հասցնելով 43 խաղացողների: Նոր մրցաշրջանի առաջին տուրի խաղում «Չելսին» 0։2 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Սիթիին»։
























































