«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատասխանել է այն հարցին, թե արդյոք իրեն մտահոգո՞ւմ են «կարմիր սատանաների» վատ արդյունքների պատճառով իր հասցեին հնչող քննադատությունները։
«Մենք պետք է հաղթենք, և ես չեմ ցանկանում արդարացումներ գտնել, եթե դա մեզ չհաջողվի։ Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են ասում: Ինձ ավելի շատ անհանգստացնում է այն, որ 18 ամսվա ընթացքում երբեք չեմ ունեցել օպտիմալ կազմ խաղադաշտում։ Սա ինձ անհանգստացնում է, քանի որ ֆուտբոլիստները վնասվածքներ ունեն։
Ես միայն մեկ անգամ եմ իմ տրամադրության տակ ունեցել բարձրակարգ թիմ՝ նախորդ մրցաշրջանում «Սիթիի» հետ տնային խաղում: Մնացած բոլոր հանդիպումներում մենք միշտ պետք է հաշվի նստեինք վնասվածքների հետ։ Սա բնական է ֆուտբոլի համար, բայց ոչ այնքան, որքան մեզ մոտ։
Երբ առանցքային դիրքերում այդքան վնասվածքներ ունես, ցանկալի արդյունքի հասնել հնարավոր չէ։ Սա իմ ճշմարտությունն է։ Մյուսները կարող են ունենալ իրենց ճշմարտությունը, բայց ես չեմ կարող վատնել իմ էներգիան դրա վրա», — Տեն Հեգի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը: