«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հաստատել է, որ Լիոնել Մեսսիի վերադարձն ակումբ կատալոնացիների առաջնահերթ նպատակներից է։
«Առաջնահերթությունները բացարձակապես պարզ են, ես իսկապես կցանկանայի, որ Մեսսին վերադառնար: Բայց հենց հիմա, բացի Լեոյից, մեկ այլ առաջնահերթություն է կիսապաշտպանի դիրքը։
Ես սպասում եմ, և հատկապես ուրախ կլինեմ, եթե նա վերադառնա։ Ուր էլ որ նա գնաց, հաջողությունն ուղեկցեց նրան։ Նա կարող էր մեզ շատ հարցերում օգնել, բայց սա մեծ մասամբ իր որոշումն է, և ես կընդունեմ իրադարձությունների ցանկացած զարգացում։ Որպես Բարսայի երկրպագու՝ ես շատ կուզենայի, որ նա վերադառնար»,- «Բարսելոնայի» գլխավոր մարզչի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։
Ավելի վաղ կապտանռնագույնների մարզիչն ասել էր, որ Մեսսին կարող է մեծապես օգնել «Բարսելոնային» իր ունիվերսալությամբ։
«Նա կարող է հարմարվել բազմաթիվ դիրքերում խաղալուն, կարող է խաղալ եզրային հարձակվողի, կիսապաշտպանի, «կեղծ 9 համարի» դիրքում, որտեղ նա խաղացել է ամբողջ կյանքում», – Չավիի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։