«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան կարող է խզել պայմանագիրը կատալոնական թիմի հետ՝ ակումբի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, «Բարսելոնայի» ղեկավարությունն առաջվա պես հույս ունի կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձերի հետ կապված ծախսերը։ Պաշտպան Ժերար Պիկեի՝ կարիերան ավարտելուց և կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի՝ հնարավոր հեռանալուց հետո հաջորդ քայլը Ժորդի Ալբայի հետ պայմանագրի խզումն է։
Պաշտպանի հետ կհանդիպեն ձմռանը, որպեսզի քննարկեն մրցաշրջանի ավարտից հետո պայմանագիրը խզելու հնարավորությունը։
33-ամյա Ալբայի գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում 441 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 25 գոլի և 95 գոլային փոխանցման հեղինակ՝ ակումբի հետ նվաճելով 15 տիտղոս։