«Բարսելոնան» դիտարկում է Միկել Արտետայի թեկնածությունը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։
Ինչպես նշում է Diario Sport-ը, խոսքը ներկա պահի կամ մոտ ապագայի մասին չէ, քանի որ այժմ «Բարսելոնան» հավատում է Չավիի հաջողություններին և վստահում նրան։ Այնուամենայնիվ, Արտետայի կատարած աշխատանքը «Արսենալում» գրավում է կատալոնական ակումբի ուշադրությունը:
Արտետան «Բարսելոնայի» սան է, ով երկար ժամանակ աշխատել է «Մանչեսթեր Սիթիում» Պեպ Գվարդիոլայի մարզչական շտաբում: Կատալոնական ակումբի ղեկավարության կարծիքով՝ նա ամեն ինչ ունի ապագայում «Բարսելոնայի» մարզիչ դառնալու համար։ Արտետան կդիտարկվի որպես թեկնածու, երբ պաշտոնը թափուր դառնա։
«Բարսային» դուր է գալիս ոչ միայն «Արսենալի» ելույթը Արտետայի գլխավորությամբ, այլև թիմը ղեկավարելու նրա ձևը: Մասնավորապես, խոսքը այն մասին է, թե ինչպես է մարզիչը լուծել հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ ունեցած կոնֆլիկտը։ Բացի այդ, Արտետան շատ մտերիմ հարաբերություններ ունի Բարսայի տնօրեն Մատեու Ալեմանիի և ակումբի մարզական տնօրեն Ժորդի Կրոյֆի հետ։
Նախատեսվում է, որ Չավին երկար տարիներ կանցկացնի «Բարսելոնայում»: Արտետան նույնպես դեռ չի պատրաստվում հեռանալ «Արսենալից», նա երջանիկ է ակումբում։ Այնուամենայնիվ, «Բարսան» կհետևի Միկելի շուրջ ստեղծված իրավիճակին:
Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Արսենալը»՝ երկու միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին»:
























































