«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը մեկնաբանել է իր թիմի հաղթանակն Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ արտագնա խաղում։ Միակ ու հաղթական գնդակն ավելացված ժամանակում խփել է կատալոնացիների լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին․
«Մեր գոլը որակյալ էր։ Ռոբերտը հենց դրա համար էլ այստեղ է, որ իրավիճակների ելքը մեր օգտին փոխի։ Այդ պահին ես մտածեցի, որ իր գոլն, ամեն դեպքում, կչեղարկեն խաղից դուրս իրավիճակի պատճառով, քանի որ մենք շատ դինամիկ էինք խաղում։ Կարող էր ոչ-ոքի ավարտվել, իսկ դա դրամա կլիներ։
«Բարսելոնան» արժանի էր հաղթանակի, որը մեզ համար շատ կարևոր էր։ Թիմը շատ է բարելավվել։ Մենք պայքարում ենք առաջատարության համար և ցանկանում ենք ճնշում գործադրել «Ռեալի» վրա»,- Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Կատալոնացիները 12 խաղից հետո 31 միավոր են վաստակել և հավասարվել «Ռեալին», որը, սակայն, մեկ խաղ պակաս է անցկացրել։ Հոկտեմբերի 30-ին Կառլո Անչելոտիի թիմը «Սանտյագո Բեռնաբեուում» կընդունի «Ժիրոնային»։
























































