ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը կասեցրել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզիչ Արտյոմ Առաքելյանի նկատմամբ սահմանված կարգապահական միջոցը և կրճատել Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Սոչիի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանի նկատմամբ սահմանված որակազրկումը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Փետրվարի 1-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը երկու հրաման է ստորագրել. համաձայն դրանցից մեկի, հաշվի առնելով «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի միջնորդությունը և հիմք ընդունելով ՀՖՖ կանոնադրության 42.2 հոդվածի ԺԷ կետը, ինչպես նաև ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 29.01 հոդվածը, կասեցրել է «Ուրարտու» ակումբի մարզիչ Արտյոմ Առաքելյանի նկատմամբ սահմանված կարգապահական միջոցը:
Հիշեցնենք, որ ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն 2018 թվականին Արտյոմ Առաքելյանին ֆուտբոլում անցանկալի անձ էր ճանաչել: Արտյոմ Առաքելյանի վերաբերյալ միջնորդութուն էին ներկայացրել նաև «Ուրարտու» ակումբի պատանի ֆուտբոլիստների ծնողները, ինչպես նաև ինքը՝ մարզիչը:
Հիմք ընդունելով ՀՖՖ կանոնադրության և Կարգապահական և էթիկայի կոմիտեի վերոնշյալ հոդվածները և հաշվի առնելով «Փյունիկ» ՖԱ միջնորդությունը՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը կասեցրել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Սոչիի» կիսապաշտպան էրիկ Վարդանյանի նկատմամբ սահմանված կարգապահական միջոցը: Էրիկ Վարդանյանը 2019 թ. հոկտեմբերի 31-ին՝ դեռևս «Փյունիկում» հանդես գալու ընթացքում, որակազրկվել էր վեց ամսով, որոնցից երեքն արդեն մարվել է: Որոշումներն ուժի մեջ են մտնում փետրվարի 1-ից: