Հայկական երեք թիմ այսօր սկսում է եվրագավաթային պայքարը։
«Նոան», «Արարատն» ու «Ուրարտուն» այսօր Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրի առաջին հանդիպումները կանցկացնեն։
«Նոան» Երևանում կհյուրընկալի ֆիննական «ԿուՊՍ»-ին։ Խաղը կմեկնարկի ժամը 18։00-ին և կկայանա Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Առաջին ալիքի եթերում։
Նշենք՝ «Նոա» — «ԿուՊՍ» հանդիպման տոմսերը կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի դրամարկղից այսօր ժամը 12:00-ից սկսած: Վաճառքում կլինեն միայն արևմտյան տրիբունայի տոմսերը: Մյուս տրիբունաների մուտքը կլինի անվճար, այդ տոմսերը ևս կարող եք վերցնել դրամարկղից:
Իսկ «Արարատն» ու «Ուրարտուն» առաջին հանդիպումները կանցկացնեն մրցակցի հարկի տակ։
«Արարատը» կհյուրընկալվի հունգարական «Ֆեհերվարի» կողմից։ Խաղը կմեկնարկի ժամը 22։00-ին և կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում։
Ինչ վերաբերում է «Ուրարտուին», ապա Ռոբերտ Արզումանյանի թիմն առաջին հանդիպումը կանցկացնի Սլովենիայում՝ հյուրընկալվելով «Մարիբորի» կողմից։ Այս հանդիպման մեկնարկը 22։45-ին է, իսկ ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Շանթ ՀԸ-ի եթերում։