Ապրիլի 19-ին եվրոպական առաջատար ակումբները մի հայտարարությամբ կտրեցին ֆուտբոլային հասարակության մի մասի՝ և հատկապես, երկրպագուների թևերը։
«Եվրոպայի 12 առաջատար թիմեր այսօր միասին համաձայնության են եկել նոր մրցաշարի՝ Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման վերաբերյալ»․․․․12 ակումբներն էին «Միլանը», «Արսենալը», «Ատլետիկոն», «Չելսին», «Բարսելոնան», «Ինտերը», «Յուվենտուսը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալն» ու «Տոտենհեմը»։
Ի պատասխան այս հայտարարության՝ ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն ներկայացրեցին գլխավոր պատժամիջոցը․ այն թիմերը, որոնք կմասնակցեն նոր մրցաշարին կզրկվեն ՈՒԵՖԱ-ի հովանու տակ անցկացվող բոլոր մրցաշարերից, իսկ ֆուտբոլիստներին կարգելվի իրենց հավաքականների կազմերում մասնակցել միջազգային մրցաշարերի։ Սա երկրպագուների մոտ առաջին հերթին ասոցացվեց Չեմպիոնների լիգային հրաժեշտի հետ։ Բոլորը սկսեցին վերհիշել սիրելի մրցաշարի անցած-գնացած դրվագները, որ տարիների ընթացքում դաջվել են մեր հիշողության մեջ։
Ներկայացվեց նոր մրցաշարի ձևաչափը, նախագահը, հովանավորը․․․կարծես, ամեն ինչ պատրաստ էր մեկնարկի համար․ և մենք․․․կորցնում էինք ֆուտբոլը։
Այս նորությունն անմասն չթողեց նույնիսկ պետությունների ղեկավարներին։ Մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շտապեց աջակցել ֆրանսիական ակումբների՝ Սուպերլիգային չմասնակցելու որոշումը, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը «ֆուտբոլի համար ավերիչ» որակեց այս մրցաշարի ստեղծումը։
Նոր մրցաշարի մասնակցությունից կտրականապես հրաժարվեցին գերմանական թիմերը․ հայտարարությամբ հանդես եկան Դորտմունդի «Բորուսիան» ու Մյունխենի «Բավարիան»։ Դեմ արտահայտվեց նաև իտալական «Ռոման»։
Իսկ այ իսպանական «Բետիսը» շտապեց թարմացնել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ դուրս թողնելով Սուպերլիգայի թիմերին և հայտնվելով 3-րդ հորիզոնականում։
Այս ուրախությունը, սակայն, կարճ տևեց․ նախ, հաղորդվեց, որ Մադրիդի դատարանը որոշում է կայացրել, որն արգելում է ՖԻՖԱ-ին ու ՈՒԵՖԱ-ին խոչընդոտել Սուպերլիգայի ստեղծմանը, ապա մի քանի ժամ անց տեղեկություն տարածվեց, որ ԱՊԼ ակումբները դուրս են գալիս նոր ստեղծվող մրցաշարից։ Իսկ արդեն երեկոյան Սուպերլիգան պաշտոնական հայտարարություն տարածեց մրցաշարի կասեցման վերաբերյալ։
ՈՒԵՖԱ-ի նախագահը շտապեց ողջունել ակումբների կայացրած որոշումն ու ընդգծել, որ «Բարսելոնան» ամենաքիչն է հիասթափեցրել: Իսկ կատալոնացիներն ավելի ուշ պաշտոնապես հաստատեցին, որ մնում են Սուպերլիգայում, քանի որ «հետ կանգնելը պատմական սխալ կլիներ»։
Այժմ արդեն տեղեկություն տարածվեց, որ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշում է կայացրել չպատժել այն ակումբներին, որոնք համաձայնել են հիմնադրել եվրոպական Սուպերլիգան: Սա վերաբերում է նաև «Ռեալին»։ Իսկ Սուպերլիգայի պայմանագրի համաձայն, ինչպես գրում է Daily Mail-ը, մրցաշարից դուրս գալու համար թիմերը պետք է վճարեն 150 մլն եվրո:
Չի կարելի մոռանալ նաև, որ այս մեկ օր տևած փոթորկի ժամանակ Ժոզե Մոուրինյուն հասցրեց մնալ առանց աշխատանքի՝ հեռացվելով «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից։
Հարկ է նշել, որ մրցաշարի կասեցմանն առերևույթ մեծապես նպաստեցին նաև երկրպագուների բողոքի ակցիաները, որոնք հավաքվում էին իրենց թիմերի տնային մարզադաշտերի մոտ ու հրաժեշտ էին տալիս նրանց։
Petr Cech has come outside Stamford Bridge to speak to the many angry fans “I know! Give everybody time!” [@willreyner] pic.twitter.com/W4wUj582yn
— (@TheEuropeanLad) April 20, 2021
Իսկ թե ինչ տեղի ունեցավ իրականում, ինչու Սուպերլիգան թակեց դուռն ու ընդամենը մեկ օր անց անհետցավ, դեռևս պարզ չէ։ Գուցե, ամենից ճիշտ արտահայտվեց «Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլան՝ ասելով․ «Ես այն զգացողությունն ունեմ, որ նրանք ուզում էին խաբել մեզ բոլորիս»։
Իսկ «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին, որը նաև Սուպերլիգայի փոխնախագահն է, շարունակում է վստահեցնել, որ մրցաշարն ապրելու է․
«Ակումբների միջև «արյան դաշնագիր» է կնքվել, մենք շարունակում ենք առաջ շարժվել:

Ստելլա Բաբլոյան