NHL-ի պատմության լավագույն ռմբարկու Ուեյն Գրեցկին կարծում է, որ «Վաշինգտոնի» հարձակվող Ալեքսանդր Օվչեկինը կարող է վերադառնալ Ռուսաստան՝ այնտեղ իր կարիերայի վերջին տարիներն անցկացնելու համար: Գրեցկին հիշել է, թե ինչպես 1999-ին, իր վերջին NHL-ի խաղից հետո, առաջարկ ստացավ Ռուսաստանից, բայց մերժեց այն:
«Ես հիշում եմ իմ զգացողությունները: Ինձ համար մեկ լիգա կար, և եթե ես դրա համար այնքան էլ լավ չեմ, ապա ժամանակն է հեռանալու: Ես այստեղ եմ մեծացել, NHL-ի տղա եմ, բայց Օվեչկինը այլ պատմություն ունի: Նա մեծացել է Ռուսաստանում և հպարտանում է իր երկրով, և գուցե լավ կլինի, որ նա վերադառնա տուն», — Գրեցկիի խոսքերն է մեջբերում Sportsnet-ը:
Իր կարիերայի սկզբում Օվեչկինը 4 տարի խաղացել է Մոսկվայի «Դինամոյի» կազմում: Նա նաև խաղացել է մայրաքաղաքային ակումբում 2012/13 մրցաշրջանում NHL-ում տեղի ունեցած լոկաուտի ժամանակ: