Բասկետբոլի Եվրալիգայում մեկնարկել է 27-րդ տուրը:
Երկրորդ հորիզոնականում ընթացող Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր «Միլանին»: Հատկանշական է, որ խաղն անցավ առանց հանդիսականների. պատճառը Իտալիայում մոլեգնող կորոնավիրուսն է: Առաջին քառորդում իտալական թիմը հաղթեց 14 միավորի առավելությամբ, իսկ մնացած 3 քառորդում առավելությունը իսպանական թիմի կողմն էր ու,ի վերջո,78-73 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալը»:
Առաջատար ութնյակում գտնվող «Ժալգրիսը» պարտվեց միայն երրորդ քառորդում՝ 10 միավորի տարբերությամբ, իսկ մնացած քառորդներում հաղթանակի շնորհիվ լիտվական ակումբը հաղթեց 96-85 հաշվով:
Հունական դերբիում մրցեցին «Օլիմպիակոսն» ու «Պանատինաիկոսը»: Խաղն անցավ հավասար պայքարում, բայց հաջողությունն ուղեկցեց «Օլիմպիակոսին»՝ 81-78 հաշվով:
Ռուսական դերբիում էլ մրցեցին ԲԿՄԱ-ն ու Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը»: Բանակայիններն առաջին երեք քառորդում հաղթեցին, իսկ չորրորդում գրանցվեց 20-20 հաշիվը. ԲԿՄԱ-ն հաղթեց 86-78 հաշվով:
Օրվա վերջին խաղում ֆրանսիական «Լիոնը» 72-65 հաշվով հաղթեց «Վալենսիային»: Ֆրանսիական թիմը պարտվեց միայն երրորդ քառորդում:
Տուրի մյուս խաղերում այսօր կմրցեն «Ֆեներբախչեն» ու «Ցրվենա Զվեզդան», «Ալբա Բեռլինն» ու «Բարսելոնան», «Բավարիան» ու Բասկոնիան», իսկ առաջատար, Հայաստանի հավաքականի պաշտպան Բրայան Դանթսթոնի «Անադոլու Էֆեսը» կխաղա «Բավարիայի» հետ:
Անկախ այս տուրի մյուս խաղերի արդյունքներից, լավագույն ութնյակում կմնան «Անադոլու Էֆեսը», «Ռեալը», «Բարսելոնան», «Մաքքաբի Թել-Ավիվը», ԲԿՄԱ-ն, «Պանատինաիկոսը», «Ֆեներբախչեն» ու «Ժալգրիսը»: