Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը իր երկու գործընկերների և 12 նշանառուների հետ փետրվարի 9-ի լուսադեմին կմեկնի Լեհաստանի Վրոցլավ քաղաք:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Լատվիայի , Ուկրաինայի և տեղի հավաքականների հետ մերոնք ուսումնամարզական համատեղ հավաք կանցկացնեն: Դրանից հետո նրանք հրաժեշտ չեն տա այդ մարզավայրին,որովհետև փետրվարի 23-ից մարտի 2-ը կանցկացվի Եվրոպայի առաջնությունը:
Չեմպիոններն ու փոխչեմպիոնները միանգամից կարժանանան Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրերի: Աչքի ընկած մյուս մարզիկները և նախորդ մրցաշրջանում, աշխարհի առաջնությունում և գավաթի խաղարկության փուլերում գոհացնող արդյունքների հասած նշանառուները ձեռնունայն չեն մնա: Նրանց ուղեգրերի հարցը կորոշի միավորների հաշվարկը:
Օլիմպիական ուղեգրեր և վարկանիշային միավորներ կխաղարկվեն նաև մայիսին Չեխիայի Պլզեն քաղաքում կայանալիք վարկանիշային մրցաշարում: Տոկիո մեկնելու հարցը կվճռվի Եվրոպայի առաջնության սկզբունքով:
Սեյրան Նիկողոսյանը ՀԱՕԿ-ի հետ զրույցում ասել է, որ սպասելիքներ կան ատրճանակավարներից և հրացանակիրներից: Մարզիչը ծրագրել է օրական հինգ ժամ տևողությամբ երկանգամյա պարապմունքներ:
Վրոցլավի ընտրությունը պատահական չէ: Այնտեղ կան մարզումային և մրցումային հիանալի պայմաններ:
Տոկիոյի խաղերին մասնակցելու հույսեր են ներշնչում նաև Հայաստանի ստենդային հրաձգության / թռչող ափսե / ներկայացուցիչները: Նրանք ուղեգրերի համար կպայքարեն Ֆրանսիայում մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնությունում: