«Ուրարտուի» սեփականատեր Ջևան Չելոյանցը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ևս մեկ հարցի՝ կապված հարկերի վճարման հետ․
«Երբ մենք մարզադաշտում վերականգողական աշխատանքներն ավարտեցինք, լուսավորություն և այլն, դիմեցինք կառավարությանն ու խնդրեցինք թեթևացնել մեր հարկային ծանրաբեռնվածությունը։ Եղավ կառավարության նիստ, բացատրեցինք, որ մենք առևտրի կենտրոն չենք, ոչ էլ կարի արտադրամաս ենք, ու շահույթ չենք հետապնդում։ Մենք լուսավորություն ենք տեղադրում ու հետո պետք է վճարենք էլեկտրաէներգիայի ծախսի համար։ Ազատեք մեզ հարկերից, չէ՞ որ նախևառաջ այս ամենը մենք երեխաների համար ենք անում։ Ոչ միայն երեխաների, նաև երկրպագուների։ Հաճելի է, երբ երեկոյան մարզադաշտ ես հաճախում ու առկա է լուսավորություն։
Կառավարությունը մեր խնդրանքը մերժեց ու մենք, իհարկե, շարունակեցինք վճարել հարկերը։ Ես դրան նորմալ վերաբերվեցի, բայց զարմանքս շատ մեծ էր, երբ օրեր անց նման արտոնություն տվեցին բիզնեսմեններից մեկին։ Հայկական չափորոշիչների համաձայն՝ խոշոր բիզնեսմենի։
Այդ ժամանակ ես հեռուստատեսությամբ ասացի, որ Փաշինյանի կառավարությունը բիզնեսմեններին ավելի շատ է սիրում, քան՝ երեխաներին։ Ես դա նորից եմ կրկնում»,- նշեց Չելոյանցը։