Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից ելնելով, ինչպես գիտենք, Հայաստանում հայտարարվել է Ռազմական դրություն:
Կենտրոն հեռուստաընկերության մարզական մեկնաբան Մենուա Մեհրաբյանն ու Հ 2 հեռուստաընկերության մարզական մեկնաբան Հարություն Մինասյանն իրենց ֆեյսբուքայն էջերում հայտարարություններ են տարածել.
«Հարգելի՛ ֆուտբոլասերներ, հաշվի առնելով Արցախում սկիզբ առած լայնածավալ մարտական գործողությունները, ստեղծված իրավիճակը, մեր ուշադրությունը սահմանին սևեռելու կարևորությունը, ձեռքներս իրադրության զարկերակի վրա պահելու հրամայականը, Կենտրոն հեռուստաընկերության ղեկավարությունը որոշել է չեղարկել Իսպանիայի Լա Լիգայի 3-րդ տուրի` ժամը 18-ին նախատեսված «Ատլետիկո» – «Գրանադա» հանդիպման ուղիղ հեռարձակումը։ Հայցում ենք ֆուտբոլային հասարակության ներողամտությունը, բայց նաեւ համոզված ենք, որ մեր որոշումը կընդունվի ըմբռնումով»,-գրել է Մեհրաբյանը:
«Հարգելի՛ ֆուտբոլասերներ, այսօր Հայ Ազգի համար թիվ 1 կարևոր իրադարձությունը սահմանային լարվածությունն է՝ պատերազմը, որը հերթական անգամ հրահրել է լամուկ ու պիղծ թշնամին: Հաշվի առնելով Արցախում տիրող սահմանային իրավիճակը, Հայկական Երկրորդ հեռուստաալիքի ղեկավարությունը որոշում է ընդունել այսօր ՉՀԵՌԱՐՁԱԿԵԼ Ֆուտբոլի Անգլիայի պրեմիեր լիգայի 3-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» – «Լեսթեր Սիթի» խաղը: Հարգելի՛ երկրպագուներ, վստահ ենք, որ և՛ մեզ, և՛ Ձեզ համար ավելի կարևոր է Հայաստան աշխարհի հաղթանակի համար մղվող պայքարը»,-գրել է Մինասյանը: