Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոսել է մադրիդցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի մասին.
«Նրա ամենամեծ ուժն այն է, որ նա տղաներին ազատություն է տալիս: Որոշ թիմեր խաղում են խիստ համակարգով և դժվար է դիմակայել, բայց մեր ուժը իմպրովիզացիան է։ «Սիթիի» հետ խաղից առաջ ես տեսա, թե ինչպես է Կառլոն հորանջում և հարցրեցի նրան. «Բոսս, ձանձրանո՞ւմ ես»: Նա պատասխանեց. «Այո: Պետք է դուրս գաս խաղադաշտ ու ամեն ինչ անես, որ ավելի շատ զվարճանամ»։ Կառլոն շատ ինքնավստահ է, և այս վստահությունը փոխանցվում է մեզ»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում Tuttosport-ը։
Հիշեցնենք, որ Բելինգհեմը մադրիդյան ակումբի խաղացող է դարձել անցած ամառ։ Անգլիացին Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից»: Այս մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանը մադրիդյան թիմի կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 20 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Ջուդի գործող պայմանագիրը մադրիդցիների հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալը Բելինգհեմի շուկայական արժեքը գնահատում է 180 մլն եվրո։