Ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունում չեմպիոնական պայքարն ավարտված է։ Բայց եթե նայենք իրականության աչքերին՝ այնպես չէ, որ այն նոր է ավարտվել։ Դեռևս ձմռանը, երբ «Բայերը» առանց պարտության գնաց արձակուրդների, պարզ էր, որ ոսկե մեդալները Չավի Ալոնսոյի թիմը դժվար թե զիջի։ Բայց մենք արդեն պատմել ենք ձեզ, թե ինչպես է «Բայերը» տարիներ առաջ, ունենալով նման առավելություն, պարտվել բոլոր մրցաշարերում ու ստացել լեգենդար դարձած «N̶e̶v̶e̶r̶k̶u̶s̶e̶n̶» մականունը։
Բայց ճիշտ պահին «Դեղագործների» ղեկավարությունը կատարեց ճիշտ նշանակում, թիմի ղեկը վստահեց Չավի Ալոնսոյին, որն իր գործն արեց պարզապես անթերի և արժանիորեն դարձավ Բունդեսլիգայի հաղթող՝ ընդհատելով «Բավարիայի» սուպեր շարքը։ Ի դեպ, սա «Բայերի» պատմության առաջին չեմպիոնությունն է։
Այս հոդվածում փորձելու ենք հիշել թոփ-5 լիգաներում գրանցված ամենաուժեղ չեմպիոնական սենսացիաները։ Բայց անդրադառնում ենք բացառապես 21-րդ դարի հաջողություններին, այլապես եթե հիշեինք բոլոր-բոլորին, հոդվածը կստանար Խորենացու «Հայոց պատմության» տեսքը։
ԱՊԼ
Լեսթեր Սիթի — 2015/16 թթ
2015 թվականի մայիսին «Լեսթերը» քիչ էր մնում դուրս մնար Պրեմիեր լիգայից։ Փրկվեցին մրցաշրջանի վերջնամասում՝ բնավորություն ցույց տալու շնորհիվ՝ վերջին 8 հանդիպումներում հավաքելով 19 միավոր։ Իսկ հաջորդ մրցաշրջանում տեղի ունեցավ անբացատրելին. Կլաուդիո Ռանիերիի թիմը չէր պարտվում մինչև նոյեմբեր, Ջեյմի Վարդին էլ գերազանցեց Ռուդ Վան Նիստելռոյի ռեկորդը՝ գոլի հեղինակ դառնալով ԱՊԼ 11 հանդիպումներում անընդմեջ: Ամանորից առաջ «Լեսթերը» մեկ ու մեջ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, իսկ հունվարի 16-ին «Աղվեսները» ոչ-ոքի խաղացին «Աստոն Վիլլայի» հետ, բարձրացան առաջին հորիզոնական և այլևս գահից չիջան։
Ռանիերին չեմպիոն դառնալուց հետո հայտարարեց. «Մեր առաջնահերթությունը 40 միավոր հավաքելն է ու չփորձեք ծիծաղել։ Այդ նպատակին հասնելուց հետո կարող ենք մտածել մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականների, հետո՝ Չեմպիոնների լիգայի ու միայն դրանից հետո՝ երկրորդ անընդմեջ տիտղոսի մասին»։ Ինչպես ասում են, մարդը գիտի՝ ինչ է ասում. «Լեսթերը» վաստակեց 44 միավոր և զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը։
Այժմ «Լեսթերը» ձգտում է վերադառնալ Պրեմիեր լիգա, առաջատարն է Չեմպիոնշիփում, բայց դիրքերը ամուր չեն։ Մրցաշրջանի ընթացքում նրանք կորցրին 14 միավորի առավելությունը և կենաց մահու կռիվ են տալիս «Իպսվիչի» հետ:
Լա Լիգա
Վալենսիա – 2001/02, 2003/04
Միանշանակ ու մեծ սիրով այս ցուցակում կներառեինք Խավիեր Իռուրետայի «Դեպորտիվոն», սակայն դա համարվում է 20-րդ դարի հաջողություն։ Իսպանական ֆուտբոլի այսօրվա երկրպագուների համար «Դեպորտիվո» անունը նույն ասոցիացիան է առաջացնում, ինչ, օրինակ, սինքրոֆազոտրոնը` երկու բառերն էլ մաքսիմալ անծանոթ են։ Բայց 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին «Դեպորտիվոն» ու «Վալենսիան» մրցակցություն պարտադրեցին «Ռեալին» և «Բարսելոնային»։ «Չղջիկները» մասնավորապես 2 անգամ հաղթեցին երկրի առաջնությունում, նույնքան անգամ հասան Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, նվաճեցին ՈՒԵՖԱ-ի գավաթը և Իսպանիայի գավաթը:
Ռաֆայել Բենիտեսը նվաճեց տիտղոսն իր առաջին մրցաշրջանում, ընդ որում, առաջին տիտղոսը «Վալենսիայի» համար՝ 31 տարվա դադարից հետո: 2003/04 մրցաշրջանում նրանք կրկնեցին իրենց հաջողությունը Լա Լիգայում իրենց ուժեղ պաշտպանության շնորհիվ (կենտրոնում խաղում էր Ռոբերտո Այալան, իսկ դարպասը պաշտպանում էր լեգենդար ու սարսափելի Սանտիագո Կանիսարեսը)՝ 38 խաղում բաց թողած 27 գոլ։
Սերիա Ա
Ռոմա – 2000/01
Ինչպես «Սուպերդեպորը» Իսպանիայում, նույնը՝ «Լացիոն» Իտալիայում. «արծիվները» փառահեղ մրցավազքում դարձան չեմպիոն, որը հիշատակման արժանի է։ Բայց դա 2000-ին էր։ Հաջորդ մրցաշրջանում սովորական ֆավորիտները նորից կաղում էին՝ «Միլանը», «Ինտերը», «Յուվեն» էլ ֆորմալ էր մասնակցում մրցավազքին, քանի որ այդ մրցաշրջանում անսպասելի ուժեղ էր «Ռոման»։ Կապելոյի թիմը գրեթե միավորներ չէր կորցնում կարգով իրեն զիջող թիմերի դեմ, իսկ տանը հիանալի տեսք ուներ։ Ամբողջ առաջնության ընթացքում «Ռոման» պարտվել է ընդամենը երեք անգամ՝ «Ինտերին», «Միլանին» և «Ֆիորենտինային»։ Առաջին շրջանի ավարտին «Ռոման» «Յուվենտուսից» առաջ էր 6 միավորով, բայց իրավիճակը մի փոքր լարվեց 31-րդ տուրում։ «Գայլերը» ոչ-ոքի խաղացին «Միլանի» և «Նապոլիի» հետ, և երկրորդ տեղից ունեցած տարբերությունը կրճատվեց ընդամենը 2 միավորով: Վերջին` 34-րդ տուրում «Յուվենտուսը» կանխատեսելիորեն հաղթեց «Ատալանտային» (2:1), իսկ «Ռոմային» միայն տնային հաղթանակ էր անհրաժեշտ «Պարմայի» նկատմամբ, որտեղ խաղում էին Բուֆոնը, Թուրամը, Միլոշևիչը, Դի Վայոն և Կանավարո եղբայրները։ Բայց Սկուդետոյի հետևից վազող «Ռոմային» այդ խաղում չէր կարող կանգնեցնել որևէ թիմ. առաջին կեսում Տոտտին ու Մոնտելան հարմարավետ առավելություն ապահովեցին, իսկ երկրորդ կեսի վերջում Գաբրիել Բատիստուտան դրեց «Ռոմայի» հաղթական վերջակետը և հռոմեացիները 18 տարվա մեջ առաջին անգամ նվաճեցին տիտղոսը։
Բունդեսլիգա
«Վերդեր Բրեմեն» — 2003/04
«Բրեմենյան երաժիշտները» միայն առաջին շրջանում 3+ գոլով 10 հաղթանակ տարան։ 16-րդ տուրում Թոմաս Շաաֆի թիմը միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը ու այդպես էլ այնտեղ մնաց։ «Վերդերը» երաշխավորեց տիտղոսը 32-րդ տուրում՝ Մյունխենում «Բավարիայի» նկատմամբ վստահ հաղթանակից հետո (3:1): Ինչպես և «Ռոմայի» պարագայում, ոսկե գոլերը խփեցին հարձակման գծի առանցքային խաղացողները՝ Իվան Կլասնիչը, Յոան Միկուն և Աիլթոնը։
Սա «Վերդերի» պատմության 4 տիտղոսն էր Թոմաս Շաաֆի հետ։ 1988 և 1993 թվականներին նա դարձել էր չեմպիոն՝ որպես ֆուտբոլիստ։ 2004 թվականի մայիսին Բրեմենը տոնում էր ոսկե դուբլը, քանի որ Աիլթոնն ու ընկերները տուն էին բերել նաև Գերմանիայի գավաթը։
Շտուտգարտ – 2006/07 թթ
Մրցաշրջանի սկզբում ոչ ոք չէր համարձակվի ասել, որ «Շտուտգարտը» կարող է չեմպիոն դառնալ, մանավանդ, երբ առաջնության սկզբում 0:3 հաշվով պարտվեց «Նյուրնբերգին», հազիվ հաղթեց «Արմինիային» (3:2) և զիջեց «Բորուսիային» (1:3): 4-րդ տուրից հետո 15-րդ տեղ։ Չեմպիոնական հավակնություննե՞ր։ Չէ, չենք լսել….կասեր ցանկացած թիմ, բայց ոչ «Շտուտգարտում»։ 9 հանդիպում առանց պարտության. Նման տպավորիչ շարքից հետո նրանք եկան ու դարձան առաջատար։ Հետո էլի եղան վայրիվերումներ։ Մի քանի տուր շարունակ «Շտուտգարտ»-ը չորրորդ տեղում էր, «Վերդերը» գարնանը լողում էր, փոխարենը՝ «Շալկեն» դարձավ առաջատար: Մրցաշրջանի ավարտից 8 տուր առաջ «Շտուտգարտն» արդեն hետ էր մնում առաջատարից 8 միավորով։ Բայց հետո տեղի ունեցավ անհավանականը՝ Արմին Ֆեի թիմը տարավ ութ անընդմեջ հաղթանակ, «Շալկեն» կանգ առավ, և «Շտուտգարտը» նվաճեց 15 տարվա մեջ առաջին չեմպիոնությունը:
Վոլֆսբուրգ – 2008/09
«Վոլֆսբուրգը» մինչև 2008/2009 մրցաշրջանը նույնիսկ արծաթե մեդալներ չէր նվաճել իր պատմության մեջ։ Թիմի ղեկին կանգնած էր «երկաթյա» Ֆելիքս Մագատը, որն աշխատել է ոչ միայն որպես գլխավոր մարզիչ, այլև մարզական տնօրեն։ «Վոլֆսբուրգը» թափ հավաքեց միայն առաջնության վերջնամասում, իսկ մեծ մասը կպած էր աղյուսակի միջին հորիզոնականներում։ Չեմպիոնական մրցավազքի կուլմինացիոն պահը եղավ 26-րդ տուրում, երբ «կանաչները» ջախջախեցին «Բավարիային» 5:1 հաշվով, իսկ Գրաֆիտեի գոլը դարձավ այդ խաղի ու ամբողջ առաջնության իսկական զարդը։ Նույնիսկ խոսքերն են ավելորդ այս պարագայում՝ նայեք ինքներդ ու կհասկանաք՝ ինչու։
Ընդհանուր 80 գոլ 34 խաղում՝ «Վոլֆսբուրգը» հարձակման գծում չէր խղճում ոչ ոքի։ Էդին Ջեկոն այդ տարի խփեց 26 գոլ, Գրաֆիտեն՝ 28։
Լիգա 1
Բորդո – 2008/09 թթ
Լորան Բլանի մարզչական կարիերան սկսվեց այստեղ, և արդեն երկրորդ մրցաշրջանում նա նվաճեց տիտղոսը «Բորդոյի» հետ: Նրա օրոք թիմը սահմանեց Լիգա 1-ի ռեկորդ՝ ամենաերկար հաղթական շարքը՝ 11 հանդիպում անընդմեջ: Արգենտինացի հարձակվող Ֆերնանդո Կավենագին 29 խաղում խփած 13 գոլով դարձավ «Բորդոյի» լավագույն ռմբարկուն։ Այդ թիմում փայլում էր նաև Յոան Գուրկուֆը և հայ երկրպագուներին քաջ ծանոթ Յոան Գուֆրանը, որը վերջերս խաղում էր «Արարատ-Արմենիայում»։
Այդ տարի «Բորդոն» հասավ նման հաջողության իր հիմնական մրցակից «Լիոնի»՝ մի փոքր ոչ կայուն ելույթների պատճառով։ Ժունինյոն, Բենզեման ու ընկերները գրավեցին միայն երրորդ տեղը, իսկ Բլանը և «Բորդոն» թիմի համար նվաճեցին 21-րդ դարում թիմի առաջին ու առայժմ միակ չեմպիոնությունը։
Մոնպելյե – 2011/12
2011 թվականին ՊՍԺ-ն արդեն պատկանում էր շեյխերին, բայց Մոնպելյեն անսպասելիորեն դարձավ չեմպիոն, այն էլ՝ ակումբի պատմության մեջ առաջին անգամ։ Այստեղ ինտրիգը չմարեց մինչև վերջ. վերջին տուրում փարիզցիները երեք միավորով հետ էին մնում, բայց «Լորիանին» հաղթելու դեպքում կարող էին դառնալ չեմպիոն։ Երկու հավակնորդներն գոլ բաց թողեցին, բայց հաղթեցին. «Մոնպելյեն» մի կերպ «երկնեց» հաղթանակը «Օսերի» հետ խաղում՝ 2:1: Սեզոնի գլխավոր հերոսը Օլիվյե Ժիրուն էր. բարձրահասակ ֆրանսիացին խփեց 21 գոլ և կատարեց 12 գոլային փոխանցում։ Երկար սպասված տիտղոսից հետո «Մոնպելյեի» նախագահ Լուի Նիկոլենը մոխրագույն մազերը ներկեց թիմի գույներով՝ կապույտ-նարնջագույն:
Մոնակո — 2016/17 թթ
7 տարի առաջ «Մոնակոն» դարձավ Ֆրանսիայի չեմպիոն և հասավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։ Դա Լեոնարդո Ժարդիմի կարիերայի լավագույն մրցաշրջանն էր: Թիմը վաստակեց 95 միավոր և պատմության մեջ 8-րդ անգամ դարձավ Լիգա 1-ի չեմպիոն։ Այո, այո, դա հենց այն մրցաշրջանն էր, երբ «Մոնակոյում» փայլեցին տաղանդավոր երիտասարդները՝ Բեռնարդո Սիլվան, Ջիբրիլ Սիդիբեն, Տոմա Լեմարը և, իհարկե, Կիլիան Մբապեն։ Այս «բանդային» առաջնորդում էր լեգենդար Ռադամել Ֆալկաոն։ Այդ մրցաշրջանից հետո թոփ ակումբներ մեկնեցին նաև Բենջամեն Մենդին («Մանչեսթեր Սիթի») և Տիեմու Բակայոկոն («Չելսի»)։ «Մոնակոն» տրանսֆերային շահույթի ռեկորդներ է սահմանել․ 2017 թվականի ամռանը նրանք վաստակել են 200 միլիոն եվրո, իսկ մեկ տարի անց՝ 367 միլիոն։
Ռոբերտ Գասպարյան