«Ուրարտուի» սեփականատեր Ջևան Չելոյանցը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ֆուտբոլիստների մարդկային որակների կարևորության մասին.
«Երբ ես եկա այս ակումբ, առաջին բանը, որ արեցի, երիտասարդ խաղացողներից մեկին բուժման ուղարկելն էր: Դեռ չէի տեսել նրա խաղը դաշտում, բոլորն ասում էին, որ նա շատ տաղանդավոր է, բայց այդ ժամանակ ինձ համար ամենակարևորն այն էր, որ նա մեր ակումբի անդամ է ու պետք է զգար, որ իր մասին հոգ են տանում:
Գնաց բուժվեց, վերադարձավ, մարզավիճակ հավաքեց ու երբ եկավ միջմրցաշրջանային հատվածը, թիմերից մեկը նրան 150 դոլարով ավելի բարձր աշխատավարձ առաջարկեց ու նա ցանկացավ հեռանալ. թույլ տվեցի անվճար հեռանալ:
Նա հիմա խաղում է առաջատար ակումբներից մեկում, ու վատ չի խաղում, բայց ինչ վերաբերում է նրա մարդկային որակներին, մենք թերացանք նրան լավ մարդ դաստիարակելու հարցում»,- ասում է Չելոյանցն ու ընդգծում, որ քանի դեռ ինքն այս ակումբում է, աշխատանքներ է տանելու մարդկային որակների ուղղությամբ:
Հարց հնչեց այն մասին՝ արդյոք ակումբի մենեջմենթի խնդիրը չէ, երբ ֆուտբոլիստը կարող է 150 դոլարով բարձր աշխատավարձի համար հեռանալ ու ակումբը որևէ քայլ չձեռնարկի նրան պահելու համար.
«Ճիշտ հարց է: Բայց ֆուտբոլիստը չպետք է ղեկավարի ակումբը, պետք է ֆուտբոլ խաղա: Նա պայմանագիր ունի ակումբի հետ ու այնտեղ ամեն ինչ գրված է: Ի դեպ, այդ տղան, երբ 150 դոլարի համար հեռացավ մեր ակումբից մեկ այլ թիմ, այդ թիմից էլ տեղափոխվեց այնտեղ, որտեղ նրան ավելի շատ առաջարկեցին:
Ես սկզբունքներ ունեմ ու ամբողջ կյանքս ապրում եմ դրանցով: Մարդկային որակներն ինձ համար շատ կարևոր են, ու եթե դրանք չկան, ֆուտբոլիստը որպես մարդ, ինձ համար հավասարվում է զրոյի: Որպես ֆուտբոլիստ կարող է լավը լինել»,- նշեց Չելոյանցը: