Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի, Սպորտի նախախար Արայիկ Հարությունյանը Facebook-յան իր էջում ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է իր՝ սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանի և ֆուտբոլային ակումբներից մեկի ղեկավարի ձերբակալմանը։
Հարությունյանը մասնավորապես ասել է հետևյալը․
«Մենք հավատարիմ ենք մեր հանձնառությանը արմատախիլ անելու կոռուպցիան իր բոլոր դրսևորումներով՝ անկախ նրանից՝ ինչ ծավալի է, անկախ նրանից՝ ովքեր են ներգրավված։ Եվ եթե նա մեր ամենամտերիմ, մեր ամենահարազատ մարդն է, մենք որևէ կաշկանդվածություն չունենք դիմելու իրավապահներին և համապատասխան ընթացակարգեր ապահովելու։
Կա անմեղության կանխավարկած, և ես այս գործի մասին հիմա չեմ խոսի, բայց կխոսեմ միայն մեկ բանի մասին․ օրենքը գերակա է մեզ համար ցանկացած ոլորտում։ Մեր ամենահարազատ մարդն էլ եթե փորձի գնա օրինազանցության՝ անկախ դրա ծավալից, անի թայֆայաբազություն, առաջնորդվի իր ընտանեկան, մտերմավարական շահերով, մենք դա կանխելու ենք և արմատախիլ անելու։ Եթե այս փաստը հաստատվի, ինձ համար դա շատ ցավալի և տխուր երևույթ կլինի, որովհետև, այնուամենայնիվ, խոսքը գնում է ԿԳՄՍ նախարարի տեղակալներից մեկի մասին, բայց ուզում եմ հստակ բոլորը ֆիքսեն՝ կոռուպցիայի ցանակացած դրսևորում մերժվելու է, արմատախիլ է արվելու։
Եվ բոլոր այն մեկնաբանությունները, որ եթե նման բան եղել է, արդյո՞ք նախախարը տեղյակ չի եղել, ասեմ՝ կյանքում նման բան չի կարող լինել։ Դա շատ լավ գիտեն նախարարությունում, դա շատ լավ գիտեն քաղաքական ուժում և դա շատ լավ գիտի հասարակությունը։ Ես նորից արձանագրում եմ, որ կրթության ոլորտում այլևս համակարգային կոռուպցիա չկա։ Իսկ առանձին դրսևորումներում պատիժը լինելու է շատ խիստ»։
Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2019թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը։