Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան մեկնաբանել է ֆուտբոլիստների կողմից իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մասին շրջանառվող տեղեկությունները։
Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ թիմի ներսում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո որոշ խաղացողներ չեն շփվում մարզչի հետ։ Ավելին, պնդումներ կային, որ ֆուտբոլիստները նրա համար նույնիսկ վիրավորական մականուն են հորինել։
«Ես թույլ չեմ տա մարդկանց ասել, թե խաղացողներն իմ նկատմամբ անհարգալից են գտնվել։ Նման բան երբեք չի եղել։ Շատ ստեր են տարածվել»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արբելոան՝ հերքելով իր հասցեին հնչող շահարկումները։
Հիշեցնենք, որ «Ռեալն» իր առաջիկա հանդիպումը կանցկացնի վաղը՝ մայիսի 10-ին՝ արտագնա խաղում մրցելով կատալոնական «Բարսելոնայի» դեմ։ Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի հանդիպումը կկայանա «Կամպ Նոու» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։ Եթե մադրիդյան ակումբը չկարողանա հաղթանակ տոնել, ապա Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը ժամկետից շուտ կհռչակվի Իսպանիայի չեմպիոն։























































