Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ առաջին խաղում (1:2) ստացած դեղին քարտը։
Այդ զգուշացման պատճառով ֆրանսիացի ֆուտբոլիստը ստիպված կլինի բաց թողնել թիմերի պատասխան հանդիպումը։ Նշենք, որ հանդիպման գլխավոր մրցավարը Մայքլ Օլիվերն էր։
«Իմ դեղին քա՞րտը… Չգիտեմ, ես պարզապես վազում էի, անգամ որևէ սահընկում չեմ արել։ Բայց մրցավարն այդպես որոշեց։ Կարծում եմ՝ պատճառն այն էր, որ մինչ այդ շատ խախտումներ էին եղել, և նա ցանկանում էր դեղին քարտ ցույց տալ: Բայց ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչու դա արվեց կոնկրետ այդ դրվագում»,- Չուամենիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ X-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ «Բավարիայի» և «Ռեալի» միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին՝ «Մյունխեն Արենա» մարզադաշտում։























































