Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը հորդորում է ակումբի ղեկավարությանը տրանսֆերային առաջարկ անել Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող բարձրակարգ կիսապաշտպանի ձեռքբերման համար։ Բրազիլացին ցանկանում է, որպեսզի մադրիդյան թիմի կազմը համալրի ներկայումս «Լիվերպուլում» հանդես եկող Դոմինիկ Սոբոսլայը։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ հղում անելով Defensa Central-ին, Վինիսիուսը վստահ է, որ Սոբոսլայն իդեալական ուժեղացում կդառնա «արքայական» ակումբի համար: Ավելի վաղ մամուլում արդեն շրջանառվում էին լուրեր, որ հունգարացի կիսապաշտպանը երազում է խաղալ «Ռեալում»: Ընդ որում, բրազիլացի հարձակվողը նախկինում նշել էր, որ բավականին մտերիմ է և ջերմ հարաբերություններ ունի Սոբոսլայի հետ:
Նշենք, որ 25-ամյա Դոմինիկ Սոբոսլայի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը ներկայումս գնահատում է 85 միլիոն եվրո։


























































