«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն գովասանքի խոսքեր է հղել թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին՝ MLS-ի «Նյու Յորք Ռեդ Բուլզի» դեմ խաղից հետո (5:1), որտեղ 38-ամյա արգենտինացին դուբլ էր ձևակերպել։ Մասկերանոն Մեսսիին համեմատել է բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի և թենիսիստ Ռաֆայել Նադալի հետ։
«Ես նրա հետ խաղացել եմ «Բարսելոնայում» և Արգենտինայի հավաքականում ութ տարի։ Օդանավակայաններում, հյուրանոցներում, հատկապես այն վայրերում, որտեղ նա հազվադեպ էր հայտնվում, մարդիկ խենթանում էին նրան տեսնելիս։ Նա առաջացնում է աննկարագրելի հույզեր։
Կարծում եմ՝ Լեոն ընդհանուր հիացմունք է առաջացնում ոչ միայն որպես ֆուտբոլիստ։ Մեսսին օրինակ է բոլորի համար՝ անհատականություն, որն անցնում է սպորտի սահմաններից։ Ցանկացած մարզասեր հիանում է այնպիսի անհատականություններով, ինչպիսիք են Մեսսին, Մայքլ Ջորդանը և Ռաֆայել Նադալը՝ մարդիկ, ովքեր պատմություն են կերտել իրենց մարզաձևում։ Մեզ մեծ պատիվ է վիճակվել սա տեսնել մոտիկից», – ասել է Մասկերանոն «Նյու Յորք Ռեդ Բուլզի» դեմ խաղից հետո։




























































