«Տոտենհեմի» կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրի՝ թիմակից Սոն Հին Մինի հասցեին արած ռասիստական կատակին վերաբերող յոթ խաղի որակազրկումը մնացել է ուժի մեջ, հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը։
Նոյեմբերի 18-ին հայտնի էր դարձել, որ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) Բենտանկուրին որակազրկել է յոթ խաղով և տուգանել 100 հազար ֆունտ ստեռլինգով՝ թիմակից Սոն Հին Մինի նկատմամբ ռասիստական արտահայտության համար։ Ակումբը բողոք էր ներկայացրել այդ որոշման դեմ։
Ամռանը համացանցում տարածվել էր Բենտանկուրի մասնակցությամբ տեսանյութ, որը նկարահանվել էր Ուրուգվայի հեռուստատեսությունում։ Հաղորդավարը «Տոտենհեմի» կիսապաշտպանից խնդրել էր նվիրել Սոն Հին Մինի մարզաշապիկը, ինչին ի պատասխան Բենտանկուրը կատակել էր, որ դա կարող է լինել նաև ֆուտբոլիստի զարմիկի շապիկը, քանի որ, ըստ նրա, բոլոր կորեացիները նույն տեսքն ունեն։ Ավելի ուշ Բենտանկուրը ներողություն էր խնդրել իր թիմակցից։