Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրես Ինյեստան ֆուտբոլային ակումբ է գնել, հայտնում է Mundo Deportivo-ն։
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպանին պատկանող ընկերությունը ձեռք է բերել դանիական երրորդ դիվիզիոնի «Հելսինգորի» բաժնետոմսերի մեծամասնությունը:
«Սա հետաքրքիր ակումբ է՝ հիանալի հարմարություններով, հիանալի մարդկանցով և դանիական ֆուտբոլի կարևոր մաս դառնալու ներուժով: Ակումբը մեծ հավակնություններ ունի, և մենք կիսում ենք դրանք։ Այժմ մենք քրտնաջան աշխատելու ենք, որպեսզի մեր ֆուտբոլային փորձը համապատասխանի «Հելսինգորի» նպատակներին: Սա աստիճանական գործընթաց է լինելու։ «Մեզ սպասվում է երկար ձմեռային արձակուրդ, բայց մենք պատրաստ ենք քրտնաջան աշխատել, իսկ հետո մեզ հետաքրքիր գարուն է սպասվում», — ասել է Ինյեստան:
Հոկտեմբերին իսպանացին ավարտեց կարիերան, իսկ այժմ Դանիայում է, որտեղ այցելել է ակումբի ենթակառուցվածքները։