Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում այսօր մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Առաջինը պայքարի դուրս կգան ազատ ոճային ըմբիշները:
Այսօր՝ մրցումային առաջին օրը, Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ:
57 կգ քաշային կարգում Մանվել Խնձրցյանը մեկնարկում 5:8 հաշվով պարտվեց բուլղարացի Գեորգի Վանգելովին:
Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ Սերգեյ Սարգսյանը (97 կգ) մեկնարկային գոտեմարտում 0։8 հաշվով զիջեց գերմանացի Էրիկ Տիելին։
Նշենք, որ Վազգեն Թևանյանը (65 կգ) 1/8 եզրափակչում կգոտեմարտի Իսրայելի ներկայացուցիչ Ջոշուա Ստյուարտ Ֆինեսիլվերի հետ, Արման Ավագյանը (79 կգ) նույն փուլում կհանդիպի Միխայիլ Իլիև Գերգիևի հետ։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից, որտեղ կմրցի կա՛մ սլովակ, կա՛մ մոլդովացի ըմբիշի հետ: