Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը շնորհավորել է ՄՅՈՒ-ի դարպասապահ Դավիդ դե Խեային ազգային թիմում կարիերան ավարտելու առթիվ։ Դարպասապահն ինքը չի հայտարարել հավաքականից հեռանալու մասին։ Այս մասին տեղեկացնում է լրագրող Խոսե Ալվարեսը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Լուիս Էնրիկեն անձամբ է զանգել դե Խեային՝ հաղորդելու, որ ինքը ներառված չէ ԱԱ-2022-ի հայտացուցակում։ Ասել է, որ դա տեխնիկական որոշում է։ Դե Խեայի հարցին, թե ինչն է պատճառը, Էնրիկեն բացատրություններ չի տվել։
Որոշ ժամանակ անց դե Խեային զանգել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբիալեսը։ Նա ասել է դարպասապահին․ «Դավիդ, ուրախ եմ, որ վերջապես որոշում ես կայացրել, ինչի մասին մտածում էիր։ Ինձ արդեն ասել են, որ հեռանում ես հավաքականից»։
Դե Խեան պատասխանել է․ «Ես հավաքականից չեմ հեռացել։ Ո՞վ է ասել, թե հեռանում եմ։ Մարզիչն ասել է, որ ինձ հետ հույսեր չի կապում, բայց ես երբեք չեմ հրաժարվել հավաքականից ու չեմ պատրաստվում դա անել»։
Նշվում է, որ դե Խեան չափազանց զարմացել ու բարկացել է Էնրիկեի ու ֆեդերացիայի նման վերաբերմունքից։
32-ամյա դե Խեան Իսպանիայի հավաքականում չի խաղացել 2020-ի հոկտեմբերից։
























































