«Ռեալի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը Աշխարհի առաջնության պարգևավճարները կօգտագործի, որպեսզի վճարի Սիեռա Լեոնեի Լունսար քաղաքի 11 երեխաների վիրահատության ծախսերը։
Երեխաները հիմնականում բնածին խնդիրներ ունեն, եթե չբուժվեն, ամբողջ կյանքում ստիպված կլինեն տեղաշարժվել հենակներով։
Ռյուդիգերը ծնվել է Բեռլինում, բայց նրա մայրը ծնունդով Սիեռա Լեոնեից է։ Ֆուտբոլիստը հունվարին այցելել էր այդ երկիր, իսկ մյուս տարի իր անունով ֆոնդ կբացի այնտեղ։
«Ցավալի է տեսնելը, թե ինչ պայմաններում են մեծանում երեխաները Սիեռա Լեոնեում։ Գերմանիայում ինձ այնպիսի հնարավորություններ են տրվել, որոնք չեն տրվում Սիեռա Լեոնեի մարդկանց։ Շնորհակալ եմ այս հնարավորությունների համար ու անչափ գնահատում եմ այն արտոնյալ պայմանները, որոնցում ես գտնվում եմ։ Օգնելն ինձ համար պատվի հարց է։
Ապագայում ընտանիքիս հետ շատ նախագծեր կցանկանամ կյանքի կոչել Սիեռա Լեոնեում»,- Ռյուդիգերի խոսքերն է փոխանցում The Sun-ը։
























































