«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն, ով վերջերս ավարտեց կարիերան, ենթադրել է, թե ինչ կարելի է անել ֆուտբոլի դիտարժանությունն ու այս մարզաձևի նկատմամբ երիտասարդ հանդիսատեսի հետաքրքրությունը մեծացնելու համար։
Այսպիսով, Պիկեն կարծում է, որ ֆուտբոլային հանդիպման 90 րոպեն չափազանց երկար է: Իսպանացու խոսքով, ով որպես օրինակ բերել է իր որդուն, երիտասարդ հանդիսատեսը խաղի ժամանակ ավելի շատ ժամանակ է հատկացնում բջջային հեռախոսներին։
«Կարծում եմ՝ 90 րոպեն շատ երկար է: Սակայն մարդիկ դեմ են հանդիպման ժամանակի կրճատմանը։ Այսպիսով, եկեք փնտրենք ավելի հետաքրքիր կանոններ: Ես չեմ մտածել այդ մասին, բայց կարծում եմ, որ ֆուտբոլն ինքնին հնացել է»,- մեջբերում է Պիկեին As-ը։
Պիկեն առաջարկել է լրացուցիչ ժամանակ, որը կնշանակվի փլեյ-օֆֆում ոչ-ոքիի դեպքում, յուրաքանչյուր թիմից որոշակի ժամանակահատվածում հեռացնել մեկական խաղացողի և խաղալ մինչև առաջին գոլը։
«11 ընդդեմ 11-ի լրացուցիչ ժամանակում և յուրաքանչյուր երեք րոպեն մեկ խաղացողը լքում է խաղադաշտը մինչև գոլ խփվի: Ես կվերադարձնեի ոսկե գոլի կանոնը։ Պատկերացրեք Մբապեն ընդդեմ Հոլանդի։ Պատկերացրեք, որ «Սիթին» խաղում է ՊՍԺ-ի դեմ, և նրանք խաղացողներ են հեռացնում: Եվ վերջում նրանք հայտնվում են խաղադաշտում՝ խաղալով մեկը մեկի դեմ, գումարած դարպասապահները, մինչև նրանցից մեկը գոլ խփի ու հաղթի»,- ասել է իսպանացին: