Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն, որը վերջերս հայտարարել էր պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին, խոսել է ակումբի նախագահ դառնալու հավակնությունների մասին.
«Արդյոք ես կդառնա՞մ «Բարսելոնայի» նախագահը. դեռևս չեմ մտածում այդ մասին: Ես շատ գործեր ունեմ անելու, բայց կցանկանայի օգնել իմ ամբողջ կյանքի ակումբին ինչով կկարողանամ»,- 35-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Universal-ը:
Այս պահին կապտանռնագույնների նախագահը Ժոան Լապոչտան է: Հաջորդ ընտրությունները կկայանան 2025 թվականին:
Պիկեն «Բարսելոնայի» կազմում 616 պաշտոնական հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում և դարձել է 53 գոլի հեղինակ: Կատալոնացիների հետ նա 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 8 անգամ դարձել է Պրիմերայի չեմպիոն, 7 անգամ հաղթել է Իսպանիայի Գավաթում, 6 անգամ՝ երկրի Սուպերգավաթում: Ժերարը նաև 3 անգամ դարձել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր, 3 անգամ էլ՝ աշխարհի ակումբային առաջնության հաղթող:
























































