«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանը մարտի 24-ին հանդիպում ունեցավ «Ա․ Չիլինիգարյանի» մրցաշարի հաղթող ճանաչված «Ուրարտու-2-07»-ի ֆուտբոլիստների հետ։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Հանդիպման ընթացքում Հրաչ Աղաբեկյանը շնորհավորեց ֆուտբոլիստներին նվաճած գավաթի կապակցությամբ և զրուցեց պատանի խաղացողների հետ տարբեր թեմաների շուրջ։ Ակադեմիայի տնօրենի պաշտոնակատար Արթուր Նազարեթյանը նույնպես շնորհավորեց նրանց ու նորանոր հաջողություններ մաղթեց։
Թիմի գլխավոր մարզիչ Դանիել Ավագյանն էլ կիսվեց իր տպավորություններով. «Ուրախ ենք, որ նման արդյունքի կարողացանք հասնել, նման հաղթանակները շատ կարևոր մոտիվացիա են թիմի համար, որպեսզի առաջնությունում էլ ձգտեն բարձր հորիզոնականների ու չեմպիոնության»։
Դանիել Ավագյանի գլխավորած «Ուրարտու-2-07» թիմը գավաթի եզրափակչում դրամատիկ պայքարում 3-2 հաշվով հաղթանակ տոնեց «Փյունիկ-Մրգաշատ-07» թիմի նկատմամբ: