Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով ArmSport-ի հարցին, անդրադարձել է նաև թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանին և իսպանական «Կադիսում» նրա ելույթներին.
-Պարոն Կապառոս, Հարոյանը բաց է թողել «Կադիսի» վերջին հանդիպումները: Ի՞նչ կասեք նրա ներկայիս մարզավիճակի մասին: «Կադիսում» տեղի ունեցած մարզչական փոփոխությունից հետո Հարոյանը կորցրել է տեղը մեկնարկային կազմում։ Հետաքրքիր է Ձեր տեսակետը, ինչպիսի՞ հանգուցալուծում կստանա այս իրավիճակը, քանի որ դա ևս կարևոր է մեր հավաքականի համար
-Հարոյանը լավ մարզավիճակում է, քանի որ Իսպանիայում ֆուտբոլիստների առջև մեծ պահանջներ են դրվում: Ֆուտբոլիստը պարզապես չի կարող թուլանալ: Հարոյանը շատ լավ վիճակում է ներկայացել հավաքական: Նրա չխաղալը այնքան էլ մեզնից կախված չէ։ Երբ մարզիչը որոշի կրկին իրեն ընդգրկել կազմում, պետք է տեսնի որ Հարոյանը պատրաստ է 100 տոկոսով: