Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը հարցազրույց է տվել ՀՖՖ TV-ին:
«Առաջարկ ստացա «Պոգոնից», որն ինձ համար շատ կարևոր էր, որպեսզի քայլ առաջ կատարեմ: Կարող եմ ասել, որ թիմը մեծ ընտանիք է, ու քաղաքը ֆուտբոլային է: Երկրպագուներն ապրում են ֆուտբոլով: Իմ նորամուտը լավ ստացվեց թիմում, ու կարողացանք կարևոր միավորներ վաստակել»,-ասել է Բիչախչյանը:
Հայ ֆուտբոլիստը խոսել է նաև հայրենիքից հեռու գտնվելու մասին. «Միանշանակ շատ եմ կարոտում Հայաստանն ու Գյումրին: Ինձ համար շատ դժվար է եղել, բայց հաղթահարել եմ դա․ հավաքականների հավաքների ժամանակ կամ արձակուրդներին կարճ ժամանակով գալիս եմ, ու փորձում եմ այդպես լրացնել իմ կարոտը»,-ասել է «Պոգոնի» հարձակվողը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 24-ին Երևանում ընկերական խաղ կանցկացնի՝ մրցելով Չեռնոգորիայի թիմի հետ: