«Խիմկիի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանն ամռանը «Ալաշկերտից» տեղափոխվեց մերձմոսկովյան «Խիմկի»։ Մինչ այսօր նա 5 խաղ է անցկացրել թիմի կազմում։ Դեկտեմբերի 12-ին «Ախմատի» դեմ կայացած արտագնա խաղում (4-1) անցկացրած 21 րոպեները վերջինն էին նրա համար թիմի կազմում, մինչ օրս նա վերջնականապես դադարել է տեղ գտնել թիմի հայտացուցակում։ «Խիմկիի» սոց․կայքերի լուսանկարներից երևում է, որ Դավիդյանն առողջ է ու միշտ մարզվում է թիմի հետ։
Ինչպես գրում է Արարատ Մամբրեյանի տելեգրամյան ալիքը՝ դա կարելի էր վերագրել հայ ֆուտբոլիստի խաղամակարդակին, բայց Սերգեյ Յուրանը նույնպես վերջերս հավաքների ժամանակ խաղացրել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին։
«Իմ աղբյուրների համաձայն՝ ղեկավարությունից Թուֆան Սադիգովը (հիմա ավելի մեծ իշխանություն ունի ակումբում) մարզչական շտաբին հասկացրել է, որ Դավիդյանը նույնիսկ հայտացուցակում պետք է չլինի։
Այդ մասին ասվել է նաև ֆուտբոլիստի ներկայացուցիչ Ռուգոլևին։ Վերջերս Սադիգովը լիակատար վերահսկողություն է ստացել «Խիմկիի» վրա։ Միջմրցաշրջանի ընթացքում երկար ժամանակ որոշվում էին ֆուտբոլիստների պարտքերը վճարելու հարցերը։ Սադիգովը համառ պայքար էր տանում «Խիմկիի» ադմինիստրացիայի դեմ։
Վերջերս հայերի ու ադրբեջանցիների միջև տեղի ունեցած Արցախյան պատերազմն արտահայտվել է նաև երկու երկրների սփյուռքի հարաբերություններում և կարծես՝ ադրբեջանցի սեփականատերը չի ուզում, որ իր ակումբում հայ ֆուտբոլիստ հանդես գա»,-գրում է Մամբրեյանը։