Եվրոպական 13 լիգաներ դեմ են Աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու գաղափարին:
Այս հարցով հաղորդագրություն է հրապարակվել Եվրոպական պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգաների ասոցիացիայի (EPFL) պաշտոնական կայքում:
«Լիգաները վճռականորեն և միաձայն դեմ են արտահայտվել Աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու ցանկացած առաջարկի: Լիգաներն այլ շահագրգիռ կողմերի հետ միասին կապահովեն, որպեսզի ֆուտբոլի կառավարման մարմինները չընդունեն միակողմանի որոշումներ, որոնք կարող են վնասել ներքին ֆուտբոլին, որը մեր ոլորտի հիմքն է և առաջնային նշանակություն ունի ակումբների, խաղացողների և երկրպագուների համար ամբողջ Եվրոպայում և ամբողջ աշխարհում:
Նոր մրցումները, ակումբների և ազգային թիմերի մրցաշարերի արդիականացումը կամ ընդլայնումը, ինչպես մայրցամաքային, այնպես էլ գլոբալ մակարդակում, մեր խաղի ներկայիս խնդիրների լուծումը չեն` հաշվի առնելով արդեն խիտ օրացույցը: Ֆուտբոլային օրացույցն անպայման պետք է համաձայնեցվի բոլոր շահագրգիռ կողմերի կողմերի հետ», — ասվում է ուղերձում:
EPFL-ի տնօրենների խորհուրդը ներառում է Պրեմիեր լիգան և Անգլիայի ֆուտբոլի լիգան, ինչպես նաև Իսպանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Դանիայի, Ռումինիայի և Լեհաստանի լիգաները:
























































