Մադրիդի «Ռեալի» աստղային հարձակվող Կիլիան Մբապեն անկեղծացել է՝ նշելով, թե ովքեր են իր համար ծառայել որպես օրինակ։
27-ամյա ֆրանսիացին, ինչպես և սպասվում էր, առանձնացրել է իր հայրենակից Զինեդին Զիդանին և պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին։
«Սկզբում իմ գլխավոր կուռքը Զիդանն էր, սակայն հետագայում նախապատվությունս տվեցի Ռոնալդուին։ Կրիշտիանուի կարիերայի ընթացքում մենք հնարավորություն ենք ունեցել տեսնելու նրա մի քանի տարբերակները։ Նա ընդունակ է ամեն ինչի և ֆուտբոլում հասել է բացարձակապես ամեն ինչի»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Al Nassr Zone-ը։
Զինեդին Զիդանը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 20 տարի առաջ։ Մինչդեռ 41-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է ելույթները Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասրի» կազմում և այժմ պատրաստվում է Պորտուգալիայի ազգային հավաքականի հետ մասնակցել աշխարհի առաջնությանը։

























































