Անգլիական «Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագիր է առաջարկել թիմի առանցքային կիսապաշտպան Ռոդրիին։ Այս մասին իր սոցիալական ցանցերում տեղեկացրել է ֆուտբոլային հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ «քաղաքայինները» բանակցություններ են նախաձեռնել ֆուտբոլիստի հետ անմիջապես այն բանից հետո, երբ հայտնի է դարձել Մադրիդի «Ռեալի»՝ իսպանացուն ձեռք բերելու լուրջ մտադրությունների մասին։ Ապագայի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի 29-ամյա կիսապաշտպանը, որն այս կարևոր հարցում հաշվի է առնում նաև իր ընտանիքի կարծիքը։
Նշենք, որ Ռոդրիի գործող համաձայնագիրը մանչեսթերյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt հեղինակավոր պորտալը իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատում է 65 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Ռոդրին 2024 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրն է։ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա արդեն հասցրել է մասնակցել 18 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։























































