Մադրիդի «Ատլետիկոն» մոտ է «Չելսիի» և Անգլիայի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Կոնոր Գալագերին ձեռք բերելուն, հայտնում է լրագրող Մատեո Մորետոն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբները շատ մոտ են գործարք կնքելուն։ «Ատլետիկոն» «Չելսիին» կառաջարկի 30 միլիոն եվրո և բոնուսներ: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը պատրաստ է տեղափոխությանը և սպասում է տրանսֆերի հաստատմանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ «Չելսիից» ակումբի նոր գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկայի նշանակման պատճառով։ Անգլիացին կարծում է, որ մասնագետի դավանած ֆուտբոլն իրեն չի համապատասխանում։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանում Գալագերը «Ազնվականների» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: