Իսպանիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Տիագո Ալկանտարան հաստատել է, որ որոշել է ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան։
«Շնորհակալությո՜ւն, ֆուտբոլ։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ուղեկցել են ինձ և ինձ ավելի լավ ֆուտբոլիստ և մարդ դարձրել այս ճանապարհին: Կհանդիպենք շուտով»,– գրել է Տիագոն սոցիալական ցանցերում։
Հունիսի 7-ին լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր Տիագոյի որոշման մասին։
Հիշեցնենք, որ 33-ամյա Ալկանտարայի վերջին ակումբը եղել է «Լիվերպուլը», որի կազմում նա հանդես է եկել 2020 թվականից և որտեղից հեռացել է այս ամառ։
Նախկինում Տիագոն հանդես է եկել «Բավարիայում» և «Բարսելոնայում», որի սանն է հանդիսանում։ Կիսապաշտպանը երկու ակումբների հետ էլ հաղթել է Չեմպիոնների լիգան։