Հայտնի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի դուստրը՝ Դալմա Մարադոնան, պատմել է, որ հանգուցյալ հոր հետ շփվել է մեդիումի միջոցով։
Հիշեցնենք, որ արգենտինացի լեգենդար հարձակվողը կյանքից հեռացավ 2020 թվականի աշնանը։ Նա 60 տարեկան էր։
«Այն, ինչ տեղի ունեցավ, շատ գեղեցիկ էր։ Ես միշտ հավատացել եմ նման բաներին՝ շատ փոքր տարիքից, և առավել ևս՝ հորս հետ կատարվածից հետո։
Ինձ համար հիմա դեռ դժվար է։ Երբ հորս հետ կատարվածը եղավ, ասացի. «Ուզում եմ տեսնել, թե ինչ կլինի»։ Ես գնացի ու անհավատալի էր, հրաշալի էր։
Մեկ տարի անց կամ մի փոքր շուտ ինձ հետ կապվեց մի կին։ Ես վստահեցի այս մարդուն, նրա և իր հարազատի հետ նման բան էր եղել, ասացի՝ լավ, կփորձեմ։ Ես նաև ասացի. «Ես չգիտեմ՝ դա ճիշտ է, թե ոչ»: Բայց նա ինձ ասաց բաներ, որոնք ես չգիտեի։ Դրանք շատ անձնական էին և նրանք այն ոչ մի տեղ չէին կարող գտնել»,- Դալմայի խոսքերն է մեջբերում Marca-ն: