Մադրիդի «Ռեալը» առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կհայտարարի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի մասին, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը նախատեսում է պաշտոնական գործարք կնքել 25-ամյա ֆրանսիացու հետ և հրապարակայնորեն հայտարարել այդ մասին մինչև 2024 թվականին Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության մեկնարկը։ Մրցաշարը մեկնարկում է հունիսի 14-ին։
Այժմ «Ռեալը» կենտրոնացած է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի վրա, որը կկայանա հունիսի 1-ին «Ուեմբլի» մարզադաշտում (Լոնդոն) Դորտմունդի «Բորուսիայի» հետ։
Հիշեցնենք, որ Մբապեն ավելի վաղ հայտարարել էր, որ կհեռանա փարիզյան ակումբից պայմանագրի ավարտին՝ 2024 թվականի հունիսի վերջին։ Հաղորդվում էր, որ հարձակվողը հինգ տարվա պայմանագիր կկնքի Մադրիդի «Ռեալի» հետ։ Ֆրանսիացին Մադրիդի «Ռեալում» տարեկան կստանա 15 միլիոն եվրո՝ ավելի քիչ, քան նրան վճարում էին ՊՍԺ-ում: Այս դեպքում խաղացողը 150 միլիոն եվրոյի չափով բոնուս ստանալու իրավունք ունի:
Այս մրցաշրջանում Մբապեն անցկացրել է 48 հանդիպում, դարձել 44 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։