Ֆրանսիական ՊՍԺ-ն տեղեկություն է խնդրել Միլանի «Ինտերի» 26-ամյա հարձակվող Լաուտարո Մարտինեսի մասին իր գործակալի միջոցով։ Այս մասին հայտնում է Calciomercato-ի լրագրող Պասկալ Գարրոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ երեկ հանդիպում է տեղի ունեցել Լաուտարո Մարտինեսի գործակալի և Իտալիայի և Ֆրանսիայի միջև գործարքներում ՊՍԺ-ին մոտ կանգնած անձի՝ Մարսելո Սիմոնյանի միջև։ Նշվում է, որ ներկայումս բանակցություններ չեն ընթանում, սակայն հնարավոր է, որ մոտ ապագայում «Ինտերը» կարող է լուրջ առաջարկ ստանալ։
Ավելի վաղ իտալացի լրագրողները հայտնել էին, որ Լաուտարո Մարտինեսը դժվար, թե երկարաձգի պայմանագիրը «Ինտերի» հետ՝ նրա աշխատավարձի պահանջների և միլանյան ակումբի բյուջետային սահմանափակումների պատճառով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարտինեսը ճանաչվել էր իտալական Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ 26-ամյա ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ արգենտինացի հարձակվողի շուկայական արժեքը կազմում է 110 միլիոն եվրո: Ա Սերիայի 2023/2024 մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը մասնակցել է 33 հանդիպման, որոնցում դարձել է 24 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։