«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն բացատրել է, թե ինչու է հարձակվող Լիոնել Մեսսին բաց թողել Հոնկոնգում կայացած ստուգողական հանդիպումը։ Մասնագետը նշել է, որ ֆուտբոլիստը ազդրի մկանային վնասվածք ունի։
«Վերջին օրերին այս իրավիճակը նկատվում է, բոլորս սպասում ենք, որ վիճակը լավանա։ Մեր ակումբը պարտավորություններ ունի MLS-ի նկատմամբ, ուստի որոշում է կայացվել ռիսկի չդիմել»,- մարզչի խոսքը մեջբերում է South China Morning Post-ը։
«Ինտեր Մայամի»-ն 4:1 հաշվով հաղթել էր Հոնկոնգի առաջնության աստղերի թիմին։
Հանդիպման ընթացքում երկրպագուները սուլել են թիմին՝ Մեսսիի բացակայության պատճառով։ Հաղորդվում էր, որ Հոնկոնգի կառավարությունը դժգոհ է եղել, որ արգենտինացի ֆուտբոլիստը չի մասնակցել խաղին։